Ճապոնիայի կառավարությունը չի բացառել հնարավոր արժութային ինտերվենցիաները իենի փոխարժեքը կայունացնելու համար, որը խիստ թուլացել է։ Այս մասին ասել է երկրի ֆինանսների նախարար Սյունյիտի Սուձուկին, տեղեկացրել է Kyodo գործակալությունը։

«Անհրաժեշտ է արձագանքել՝ չբացառելով ոչ մի միջոց, այդ թվում եւ արժութային ինտերվենցիաները»,- նշել է Սուձուկին։

Իենի փոխարժեքը շարունակում է թուլանալ արդեն երրորդ ամիսն անընդմեջ։ Չորեքշաբթի օրվա աճուրդների ընթացքում փոխարժեքը հասել է մեկ դոլարը 144,9 իենի, ինչն ամենացածր մակարդակն է 24 տարվա ընթացքում։ Կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն հայտարարել է, որ արժույթների նման տատանումները բացասաբար են ազդում տնտեսության վրա, նշվել է հրապարակման մեջ։

Փորձագետները հաշվարկել են, որ իենի փոխարժեքը կարող է թուլանալ՝ մինչեւ դոլարը 150-ի հասնելով։ Ճապոնիայի բանկը զբաղվում է բավական մեղմ դրամական քաղաքականությամբ։ Այդ ամենը հանգեցնում է գների աճի, քանի որ ներմուծվող ապրանքների գները բարձրանում են։ Բայց Ճապոնիայի կենտրոնական բանկը արդեն քանիցս հայտարարել է, որ քաղաքականությունը փոխել չի պատրաստվում։