Գերմանիայում գարեջրի առաջատար արտադրողները գնաճի ֆոնին հայտարարել են թանկացումների մասին, ուստի կթանկանա նաեւ գարեջուրը, ինչպես նաեւ այլ հիմնական մթերքները՝ հացը, կաթը, միսը, արեւածաղկի ձեթը։

Գերմանական Radeberger գարեջրի արտադրության ամենախոշոր ընկերությունը, ըստ BILD տաբլոիդի, մտադիր է 14 եվրոյով բարձրացնել իր արտադրանքի գինը մեկ հեկտոլիտրի համար։ Աճը նախատեսվում է դեկտեմբերից։ Ավելի վաղ՝ մայիսին, Radeberger-ն արդեն բարձրացրել էր գինը 8.5 եվրոյով մեկ հեկտոլիտրի համար։ Պատճառը, ըստ ընկերության ներկայացուցչի, հումքի, էներգիայի եւ լոգիստիկ ծախսերի կտրուկ աճն էր։

Գների բարձրացման մասին հայտարարել են նաեւ Veltins-ը և Krombacher-ը, սակայն կոնկրետ թվեր դեռ չեն ներկայացվել։

Օգոստոսին Գերմանիայի վիճակագրական գրասենյակը հայտնել էր, որ երկրում գարեջրի արտադրության ծավալն աճել է, բայց մինչճգնաժամային արտադրության դեռ չի հասել, որը գրանցված էր մինչեւ 2020 թ.՝ կորոնավիրուսային համավարակի սկիզբը։ 2022 թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վաճառքներն աճել են 3.8 տոկոսով կամ 157.2 մլն լիտրով։ Սակայն 2019 թ. առաջին կիսամյակի համեմատ գարեջրի վաճառքը կրճատվել է 5.5 տոկոսով։