Թուրքիայի հետախուզության ղեկավարը վերջին շաբաթների ընթացքում Դամասկոսում մի քանի հանդիպումներ է ունեցել սիրիացի գործընկերոջ հետ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Դամասկոսի հետ կապ ունեցող տարածաշրջանային աղբյուրը հայտնել է, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը եւ սիրիական հետախուզության ղեկավար Ալի Մամլյուքը այս շաբաթ հանդիպել են Սիրիայի մայրաքաղաքում:

Հանդիպումների ընթացքում Ֆիդանը, որը նախագահ Թայիփ Էրդողանի ամենամտերիմներից մեկն է, եւ Մամլյուքը գնահատել են երկու երկրների արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը, տեղեկացնում են թուրք բարձրաստիճան պաշտոնյան եւ թուրքական անվտանգության աղբյուրը:

«Ռուսաստանը ցանկանում է, որ Սիրիան եւ Թուրքիան հաղթահարեն իրենց խնդիրները եւ ձեռք բերեն որոշակի պայմանավորվածություններ՝ ի շահ բոլորի՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Սիրիայի»,- ասել է թուրք պաշտոնյան։

Պաշտոնյայի խոսքով՝ լուրջ խնդիրներից մեկը Դամասկոսի հետ ցանկացած բանակցություններում սիրիացի զինյալներին ընդգրկելու Թուրքիայի ցանկությունն է։