Երեւանի դպրոցների 154 տնօրեններ վերապատրաստվել եւ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք են ստացել, հավաստագիր չեն ստացել 7 տնօրեն, իսկ 19 տնօրեն չեն վերապատրաստվել: Այս մասին այսօր` օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Նա տեղեկացրեց, որ 65 տարին լրանալու կապակցությամբ աշխատանքից ազատվել են 4 տնօրեններ, իսկ 2 տնօրեն ազատվել են իրենց դիմումի համաձայն: 22 դպրոցներում տնօրենի ընտրության մրցույթները կազմակերպվել են, 13-ը վերընտրվել են, իսկ մնացածներում գործընթացը շարունակվում է:
Բարեփոխումների շրջանակներում, Գայանե Սողոմոնյանի խոսքով, իրականացվելու է նաեւ ուսուցիչների ատեստավորում տարբեր փուլերով եւ ըստ տարակարգերի` նրանք կստանան տարբեր աշխատավարձներ: Գայանե Սողոմոնյանը տեղեկացրեց, որ ընթացքի մեջ է նաեւ դասագրքերի բաժանումը եւ այն կտեւի մինչեւ սեպտեմբերի 10-ը, բացառությամբ 7-րդ դասարանի ռուսերենի եւ հանրահաշվի դասագրքերի: 2010-2011ուստարվա նորություններից է նաեւ «Շախմատ» առարկայի մուտքը դպրոց, որը ուսուցվելու է տարրական դասարաններում` 2-4-րդ: Արդեն պատրաստ է համապատասխան դասագիրքը, տետրը եւ ուսուցչի ձեռնարկը, դասասենյակները կապահովեն գույքով, կան նաեւ համապատասխան ուսուցիչներ: Դիտարկմանը, թե շախմատ առարկայի մուտքը պայմանավորված է նախագահ Սերժ Սարգսյանի գործոնով, Գայանե Սողոմոնյանը նշեց, որ այդ առարկան շատ կարեւոր է երեխայի տրամաբանության եւ ունակությունների զարգացման համար:
Ներկայացնելով ուստարվա նորությունները` Գայանե Սողոմոնյանը նշեց, որ դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման շնորհիվ դպրոցի ամբողջ բազան կլինի թափանցիկ, վերահսկելի եւ օնլայն կարգով վարչությունը կհետեւի: Հանրակրթության վարչության պետը նշեց, որ կանաչապատ տարածք ունեցող դպրոցներին եւ մանկապարտեզներին տրամադրվել են խոտհնձիչներ եւ արդեն իրականացվում են բարեկարգման աշխատանքները: Մեկ այլ ձեռնարկի` «Օգնիր դպրոցիդ» կայքի վերաբերյալ նա նշեց, որ դրա շնորհիվ հավաքվել է մոտ 632 մլն դրամ: Գայանե Սողոմոնյանի խոսքով` «Երեւանը գրքի մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում նախատեսվել է անցկացնել «Ժամանակ մի կորցրու, կարդա» ընթերցանության մրցույթ: Կարեւորելով դպրոցականների գեղագիտական եւ բարոյական դաստիարակությունը` քաղաքապետարանը 2010-2011թ ուստարում 102 հազար 731 աշակերտ հաճախեց թատրոն, թանգարան, ֆիլհարմոնիա եւ այլ վայրեր: Բանախոսի հավաստմամբ` ծրագիրը կշարունակվի եւ կկազմակերպվեն կինոդիտումներ երեխաների համար:



























