Ղրղզստանի սահմանային ծառայությունը հայտարարել է, որ, խախտելով նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, տաջիկական կողմը դավաճանաբար գրոհել է սահմանային եւ քաղաքացիական օբյեկտները ղրղզա-տաջիկական պետական սահմանի ողջ պարագծով համանուն մարզի Բատկեն շրջանում, հայտնում է 24.kg-ը։
Գերատեսչությունը ծայրահեղ մտահոգություն է հայտնել պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում իրավիճակի զարգացման կապակցությամբ եւ նշել սադրանքների աճը, զինված բախումներին Տաջիկստանի սահմանապահ զորքերի զինծառայողներ չհանդիսացող, Ղրղզստանի քաղաքացիների ու զինծառայողների նկատմամբ անհանդուրժողականության սերմանմանն ուղղված գաղափարներ քարոզող անձանց ակտիվ մասնակցությունը։
Սահմանային ծառայությունը տաջիկական կողմին կոչ է արել դադարեցնել կրակը եւ բոլոր ջանքերն ուղղել զինված հակամարտության դեէսկալացմանը։
Հաղորդվում է, որ Բատկենի շրջանում կրակոցները շարունակվում են ղրղզա-տաջիկական սահմանի ողջ պարագծով։ Սահմանային ծառայության տվյալներով՝ տաջիկական կողմը տանկեր, զրահափոխադրիչներ, հետեւակի մարտական մեքենաներ եւ ականանետեր է օգտագործում։ Ղրղզա-տաջիկական սահմանին տեղի ունեցած կոնֆլիկտի արդյունքում չորս սահմանապահ է վիրավորվել։
Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ջինբեկ Կուլուբաեւը Տաջիկստանի արտգործնախարար Սիրոժիդդին Մուխրիդինի հետ քննարկել է սահմանին տիրող իրավիճակը։
Ղրղզական կողմը կրկին նշել է սահմանին ծագող խնդիրները բացառապես քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով լուծելու անհրաժեշտությունը։
Նշվում է, որ Ղրղզստանի Բատկենի մարզի եւ Տաջիկստանի Սուղդի մարզի ղեկավարների հանդիպումը նախատեսված է «Կիզիլ-Բել-ավտոդորոժնի» անցակետում։ Հանդիպմանը կմասնակցեն կողմերի սահմանապահ ներկայացուցիչներ։
«Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունը նշում է, որ Բատկենի շրջանում փոխհրաձգությունը շարունակվում է ղրղզա-տաջիկական սահմանի ողջ պարագծով։ Տաջիկական կողմն տանկեր, զրահափոխադրիչներ, հետեւակի մարտական մեքենաներ եւ ականանետեր է օգտագործում։ Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայության անձնակազմը, որը տեղակայված է Բատկենի շրջանում, շարունակում է մարտերը։
Ղրղզստանի սահմանապահները, ի պատասխան տաջիկական կողմի զինված ագրեսիային, համարժեք միջոցներ են ձեռնարկում՝ օգտագործելով բոլոր առկա տեխնիկան եւ սպառազինությունը՝ հակառակորդին հրադադարի դրդելու համար»,- հայտնել են գերատեսչությունից։
Մինչդեռ Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ զորքերի մամուլի կենտրոնը հայտնում է, որ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 04:50-ի սահմաններում, ղրղզական կողմը ծանր զինատեսակներով կրակ է բացել «Իսֆարա» սահմանապահ ջոկատի «Դուշանբե» դիրքի ուղղությամբ։
Բացի այդ, Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի տվյալներով, Ղրղզստանի զինծառայողները ծանր սպառազինության կիրառմամբ զինված հարձակում են իրականացրել մի քանի բնակավայրերի վրա։
«Միջադեպերից անմիջապես հետո՝ արդեն ժամը 06:30-ին, կողմերը պայմանավորվել են զինադադար հայտարարել, սակայն ղրղզ զինծառայողները, չպահպանելով այն, շարունակում են կրակել Տաջիկստանի ուղղությամբ բոլոր տեսակի զինատեսակներից եւ զինտեխնիկայից»,- ասվում է հայտարարության մեջ։
Sputnik Տաջիկստանի աղբյուրի փոխանցմամբ՝ Չորքուհ ջամոաթում մի խաղաղ բնակիչ է զոհվել։ Տաջիկական ուժերը գրավել են Բատկենի շրջանի Դուստուկ գյուղը։ Թեժ մարտեր են ընթանում Սամարղանդակի եւ Սոմոնիյոնի սահմանային դիրքերում։





























