Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Չինաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Սի Ծինպինը նշել է, որ Չինաստանն աջակցում է Ադրբեջանի ժողովրդի կողմից ընտրված զարգացման ուղուն։ Նրա խոսքով՝ Պեկինն ու Բաքուն պետք է ամրապնդեն ռազմավարական փոխվստահությունը, փոխադարձ աջակցությունը, խորացնեն փոխշահավետ համագործակցությունը եւ կայուն, խորը եւ գործնական համագործակցության հասնեն տարբեր ոլորտներում։
Նա ընդգծել է, որ միջազգային իրավիճակն այժմ խորը եւ բարդ փոփոխությունների է ենթարկվում։ Որքան բարդ է իրավիճակը, այնքան մեծ է միջազգային հանրության կողմից համերաշխությունն ու համակարգումն ամրապնդելու անհրաժեշտությունը: Ծինպինը նշել է, որ Պեկինը ողջունում է Ադրբեջանի՝ Չինաստանին միանալը Գլոբալ զարգացման նախաձեռնության (GDI) եւ Գլոբալ անվտանգության նախաձեռնության (GSI) իրականացման գործում։ Երկու կողմերն էլ պետք է ընդլայնեն առեւտուրը, ավելացնեն China-Europe Express բեռնատար գնացքների քանակը եւ միջազգային մատակարարումների անարգել շղթա ապահովեն։
Չինաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում Չինաստանի եւ Ադրբեջանի միջեի համագործակցությունը լայն հեռանկարներ ունի։ Նա նշել է, որ Չինաստանն աջակցում է Ադրբեջանին՝ համագործակցելով Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ՝ տարածաշրջանում հանուն անվտանգության, կայունության, զարգացման եւ բարգավաճման համատեղ աշխատելու համար։
Ալիեւը վստահեցրել է, որ Ադրբեջանը հավատարիմ է մեկ Չինաստանի քաղաքականությանը, վճռականորեն աջակցում է Չինաստանին ազգային ինքնիշխանության, անվտանգության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում, կտրականապես դեմ է Չինաստանի ներքին գործերին միջամտությանը կամ երկրի պառակտմանն ուղղված ցանկացած գործողության եւ վճռականորեն աջակցում է Չինաստանին իր հիմնական շահերի պաշտպանության հարցում։





























