Եղիսաբեթ 2-րդի մահից հետո Հարավային Աֆրիկայում Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքից պահանջում են վերադարձնել աշխարհի ամենամեծ մաքուր ադամանդը, հայտնում է CNN-ը:
Ադամանդը, որը հայտնի է որպես «Աֆրիկայի Մեծ աստղ» կամ «Կուլինան 1-ին», կտրված է 1905 թվականին Հարավային Աֆրիկայում արդյունահանված ավելի մեծ թանկարժեք քարից, եւ Հարավային Աֆրիկայի գաղութային իշխանությունների կողմից տրվել է բրիտանական թագավորական ընտանիքին: Այժմ այն ամրացված է թագուհուն պատկանող թագավորական գավազանի վրա։
«Աֆրիկայի Մեծ աստղ»-ի եւ այլ ադամանդների վերադարձի մասին կոչերը շատացել են թագուհու մահից հետո, քանի որ Հարավաֆրիկացիներից շատերը անօրինական են համարում բրիտանացիների կողմից դրանց ձեռք բերումը:
Թագուհու մահից հետո հարավաֆրիկյան մամուլը քննարկում է ադամանդի սեփականության իրավունքն ու փոխհատուցման պահանջները:
««Կուլինան 1-ին» ադամանդը պետք է անհապաղ վերադարձվի Հարավային Աֆրիկա: Մեր եւ այլ երկրների օգտակար հանածոներից շարունակում է օգուտ քաղել Մեծ Բրիտանիան`մեր ժողովրդի հաշվին», - տեղական լրատվամիջոցներին ասել է ակտիվիստներից մեկը. ավելի քան 6 հազար մարդ ստորագրել է խնդրագիր՝ «Աֆրիկայի Մեծ աստղ»-ը վերադարձնելու եւ թանգարանում ցուցադրելու պահանջով:
Հարավային Աֆրիկայի խորհրդարանի պատգամավոր Վույոլվետու Զունգուլան հորդորել է Մեծ Բրիտանիայի կողմից պատճառված բոլոր վնասների դիմաց փոխհատուցում, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի կողմից գողացված ողջ ոսկին եւ ադամանդները վերադարձնելու պահանջ ներկայացնել:
Բրիտանական թագավորական ընտանիքի հավաքածուն վերահսկող Royal Collection Trust-ի տվյալներով՝ մեծ ադամանդը թագավոր Էդվարդ VII-ին են նվիրել 1907 թվականին: Իսկ բնական ադամանդը, որից կտրվել է «Կուլինան 1-ին»-ը, կշռում է 3106 կարատ:
Ադամանդների Royal Asscher ընկերությունը նշել է, որ ադամանդը գնել է Հարավաֆրիկյան Տրանսվաալի կառավարությունը, որը կառավարվում էր բրիտանական իշխանության կողմից, եւ տրվել է Էդվարդ VII թագավորին՝ որպես ծննդյան նվեր:
Հարավաֆրիկյան համալսարանի աֆրիկյան քաղաքականության հարցերով պրոֆեսոր Էվերիստո Բենիերան հերքում է այս վարկածը՝ նշելով, որ գաղութային գործարքներն անօրինական են եւ անբարոյական։
«Մեր վարկածն այն է, որ Տրանսվաալի եւ Հարավային Աֆրիկայի միության բոլոր կառավարություններն ու համապատասխան հանքարդյունաբերական սինդիկատներն անօրինական են եղել», - CNN-ին ասել է Բենիերան եւ հավելել, որ գողացված ադամանդ ստանալը ստացողին չի արդարացնում:





























