Հունգարական իշխող «Ֆիդես» կուսակցության համար ընթացիկ աշնանային քաղաքական սեզոնը սկսվել է այս տարվա սեպտեմբերի 10-ին։ Հանդիպումը կայացել է Կետչե գյուղում, որտեղ ելույթ է ունեցել Վիկտոր Օրբանը։ Կուսակցության քաղաքական սեզոնի բացման հանդիպումը փակ է եղել հանրության համար, սակայն Szabad Európa-ին հաջողվել է պարզել, թե ինչի մասին է խոսել Հունգարիայի վարչապետը։

Ելույթի հիմնական թեմաներից է եղել Ուկրաինայի հակամարտությունը։ Օրբանի խոսքով՝ այն կարող է տեւել մինչեւ 2030 թվականը, որի հետեւանքով Ուկրաինան կարող է կորցնել իր տարածքի մեկ երրորդից մինչեւ կեսը։

Նա վստահություն է հայտնել, որ պատերազմը տեղային բնույթ կկրեր, սակայն Արևմուտքը միջամտել է՝ այն համաշխարհային դարձնելով, եւ հիմա Եվրոպան պատժամիջոցներով կրակում է սեփական ոտքերին։ Օրբանն ասել է, որ եվրոպական արդյունաբերության 40 տոկոսը այս ձմռանը կարող է փակվել՝ պատժամիջոցների պատճառով:

Հունգարիայի վարչապետը կարծում է նաեւ, որ մինչեւ 2030 թվականը Եվրամիությունը կարող է փլուզվել։ Նա խոստովանել է, որ «համագործակցությունը ճգնաժամի մեջ է պատերազմի պատճառով, սակայն այն կարելի է հաղթահարել»: