Այսօր Աֆղանստանում սկսվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի պաշտոնական քարոզարշավը։ Ընտրությունները կայանալու են նոյեմբերի 7-ին:
Հիշեցնենք, որ երկրի գործող նախագահ Համիդ Քարզայը համաձայնեց ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել այն բանից հետո, երբ ընտրական գործընթացը քննող խումբը, որը գործում էր ՄԱԿ-ի հովանու ներքո, չեղյալ համարեց օգոստոսի 20-ին անցկացված ընտրությունների պաշտոնական արդյունքները՝ նշելով, որ տեղի են ունեցել մեծածավալ ընտրակեղծիքներ եւ հայտարարելով, որ նախագահ Քարզայը իրականում չի հաղթահարել 50 տոկոսի շեմը, որը անհրաժեշտ էր ընտրությունների առաջին փուլում հաղթանակ տանելու համար։ Ընտրությունների երկրորդ փուլում Համիդ Քարզայի հակառակորդն է երկրի նախկին արտգործնախարար Աբդուլա Աբդուլան։
Նշենք, որ ահաբեկչական «Թալիբան» շարժումն այսօր հանդես է եկել հայտարարությամբ եւ կոչ է արել բոյկոտել նոյեմբերի 7-ին նշանակված նախագահական ընտրությունները: Նա սպառնացել է ուժ գործադրել նրանց նկատմամբ, ովքեր չեն հնազանդվի այդ կոչին։ Օգոստոսի 20-ին անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ Աֆղանստանում շուրջ 200 ահաբեկչական հարձակումներ էին տեղի ունեցել, որոնք վերագրվում են թալիբաններին։




























