Որպեսզի կոալիցիա-Հայ ազգային կոնգրես տանգոն կայանա եւ գեղեցիկ ստացվի, կողմերի միջեւ փոխադարձ վստահություն է անհրաժեշտ։ Օգոստոսի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին, անդրադառնալով իշխանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի՝ երկխոսության մասին բնորոշմանը՝ նման խորհրդանշական համեմատություն արեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։

«Այլ դեպքում առանց իշխանությունների մասնակցության կպարվի մեկ այլ պար՝ տըրընգի։ Այս իշխանությունների պարագայում տըրընգին ավելի լավ է, թե չէ տանգոն շատ քաղաքակիրթ պար է»,- կատակով ավելացրեց նա։

Նշենք, որ իշխանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով բանակցությունների 7-րդ ռաունդին ՀԱԿ-ի պատվիրակության չներկայանալուն, հայտարարել էր, թե «Տանգո պարելու համար միշտ երկու մարդ է պետք: Երկխոսությունը չի լինում միակողմանի: Այն միշտ կախված է յուրաքանչյուր կողմի կամքից»։