Պատերազմը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ կան անհետ կորածներ: Այդ մասին այսօր` օգոստոսի 30-ին, հայտնել է Ազգային-ազատագրական պատերազմում անհետ կորածների ազատամարտիկների հարազատների խորհրդի ներկայացուցիչ Ռիմա Առաքելյանը:

«Մեզ աջակցում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, հասարակությունը: Կիսելով ձեր ցավը` խոնարհվում եմ ձեր համբերության, քաջության առջեւ»,-հայտնել է նա Երեւանի Մալաթիա-Սեբաստիայի շրջանում անհետ կորածների հուշարձանի բացման արարողության ժամանակ:

Հուշակոթողի բացման արարողությանը, որը կազմակերպվեց Անհետ կորածների միջազգային օրվա կապակցությամբ, ներկա են եղել անհետ կորած ազատամարտիկների հարազատները, ՊՆ-ի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

«Ես խորապես ըմբռնում եւ կիսում եմ ձեր կորուստը: Դուք տվել եք ամենաթանկը, որպեսզի մենք ապրենք խաղաղ եւ անկախ երկրում: Թող Աստված պահպանի բոլոր զոհված եւ անհետ կորած զինվորներին»,-միջոցառման ժամանակ շեշտել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի կրթության եւ մշակույթի մասնաճյուղի ղեկավար Արեւիկ Պետրոսյանը:

Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողովի տվյալներով`  ղարաբաղյան հակամարտության արդյունքում Հայաստանից անհետ կորածների թիվն անցնում է 200-ից: Պատերազմի ընթացքում Հայաստանից եւ ԼՂՀ-ից անհետ կորածների ընդհանուր թիվը հասնում է հազարի:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տվյալներով`անհետ կորածների ցուցակում Հայաստանից կա 407, Լեռնային Ղարաբաղից` 449, Ադրբեջանից` 3710 անուն: