Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը ակցիա է նախաձեռնել բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:
ՀԿԽԸ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների հեպատիտից տարեկան մոտ մեկ միլլիոն մարդ է մահանում:
Մասնագիտական գնահատականների համաձայն, այսօր հեպատիտների տարբեր տեսակներ առաջացնող շուրջ տասը վիրուսներ կան, որոնցից առավել վտանգ ներկայացնող ախտանիշը հեպատիտ B եւ C վիրուսներն են, որոնցով հիվանդացության մակարդակը բարձրացման միտում է արձանագրում, հատկապես վերջին տարիներին։ Հիվանդության այս սուր դեպքերի 80-85 տոկոսը վերածվում է քրոնիկականի եւ նրանց միայն 15-20 տոկոսն է ինքնաբերաբար բուժվում։ Հայաստանում նույնպես այս հիվանդության աճ է նկատվում: Ստեղծված իրավիճակին արձագանքելու եւ կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու անհրաժեշտությունը չափազանց մեծ է:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, հանդիսանալով մարդասիրական ոլորտում կառավարությանն օժանդակող ամենամեծ բարեգործական կազմակերպությունը երկրում, տարիներ շարունակ իրականացնում է տարատեսակ առողջապահական ծրագրեր` շեշտը դնելով ՀՀ-ում առավել տարածված եւ վտանգավոր հիվանդությունների մասին հասարակության իրազեկման մակարդակը բարձրացնելուն:
Սույն թվականի սեպտեմբերի 2-ին ժամը 16-ը Երեւանի Բժշկական համալսարանի շրջակայքից մինչեւ Երիտասարդական մետրո ձգվող տարածքում կիրականացնի հանրության իրազեկվածության մակարդակը բարձրացնող ակցիա` նվիրված Հեպատոլոգիայի Միջազգային օրվան: Բժշկական համալսարանի շրջակայքում կտեղադրվի տաղավար, որի վրա դրված կլինեն հեպատիտներ B,C-ն լուսաբանող տպագրանյութերը, իսկ վերեւում կփակցվի հեպատիտների դեմ պայքարի կարգախոսը կրող պաստառ: ՀԿԽԸ 20 կամավորները, որոնք նախապես կրթվել են հեպատիտներ B, C թեմայով, հանրությանը կբաժանեն հեպատիտներ B, C-ն լուսաբանող տպագրանյութերը եւ կտեղեկացնեն հեպատիտի խնդրի վերաբերյալ:




























