Աբովյան քաղաքի Բալահովիտի Խ. Վիրաբյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Թագուհի Խաչատրյանը ստիպում է իր դպրոցի ծնողներին գալ եւ մաքրել դպրոցը: Այս մասին պատմեց NEWS.am ահազանգած քաղաքացին, ով հենց այդ դպրոցի աշակերտներից մեկի ծնողներից է: (Ծնողը խնդրել է չնշել իր անունը): «Վատառողջ կին եմ, ճնշում ունեմ, փոքր երեխա ունեմ տունը, ինչպե՞ս գնամ դպրոց մաքրեմ: Առաջին անգամ զանգեց, չգնացի, երկրորդ անգամ էլ է զանգել, թե ինչո՞ւ չես գալիս»,- բողոքեց մայրը:
Դպրոցի տնօրեն Թագուհի Խաչատրյանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ, եւ նա, բնականաբար, հերքեց այս տեղեկությունները. «Չէ, ո՞վ է ասում, հավաքարարները հավաքված մաքրում եմ, վերանորոգում է, պատուհանները փոխել են: Ուղղակի ասել եմ դասվարներին, որ եթե ինչ-որ մեկը կարող է գալ օգնել, գան օգնեն»,- ասաց նա` վստահեցնելով, որ չի ստիպել որեւէ ծնողի գալ դպրոց մաքրել: Իսկ ծնողների օգնությանը դիմելու նպատակը, տնօրենի խոսքով, վերանորոգման հետեւանքները վերացնելը եւ դպրոցը շուտ մաքրելն է: «Ես ծնող չեմ տեսել, դասվարներին ասել եմ, որ եթե ծնողները կարողանան, թող գան արագ մաքրեն, որ շուտ վերջացնենք, դա է եղել պատճառը: Հավաքարարները չեն հասցնում, դա է պատճառը»,- ասաց նա:
Տնօրենից հետաքրքրվեցինք, թե քանի ծնող է «իր կամքով» եկել դպրոցը մաքրելու, ինչին տնօրենն արձագանքեց, որ ինքը երեկ երկու ծնող է տեսել: Թագուհի Խաչատրյանը մեզնից հետաքրքրվեց նաեւ, թե բողոքող ծնողը ինչ համարով է զանգել` գյուղակա՞ն, թե՞ այլ եւ այլն: Տեղեկանալով, որ մենք հեռախոսահամարներ չենք տալիս եւ ծնողի անունն էլ չենք գրելու նյութում, նա ասաց. «Հա, պետք էլ չի»:
ԿԳ նախարարության Հանրակրթության վարչության պետը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այդ դպրոցը ենթարկվում է Կոտայքի մարզպետարանին եւ ծնողները պետք է դիմեն այնտեղ:
Նշենք, որ Բալահովիտի Վիրաբյանի անվան դպրոցն ունի 340 աշակերտ:


























