Միջազգային էներգետիկ գործակալությունը հայտարարել է, որ ՕՊԵԿ գործողությունները համաշխարհային տնտեսությունը կարող են հասցնել եզրագծին։
«Նավթի ավելի բարձր գները կարող են բեկումնային լինել համաշխարհային տնտեսության համար, որն արդեն ռեցեսիայի շեմին է»,- նշել են գործակալությունում։
ՄԷԳ-ը 20 տոկոսով իջեցրել է նավթի համաշխարհային պահանջարկի իր կանխատեսումը եկող տարվա համար։ Արժույթի միջազգային հիմնադրամն այս շաբաթ հայտարարել է, որ շատերի համար 2023-ը «նման է լինելու ռեցեսիայի»՝ ՀՆԱ իր կանխատեսումն իջեցնելով 2,7 տոկոսի՝ ավելի վաղ արված 3,2 տոկոսի դիմաց։
Սպասվում է, որ ՕՊԵԿ որոշումը կտրուկ կնվազեցնի նավթի համաշխարհային պաշարները եւ կպահպանի բարձր գները։
«ՕՊԵԿ+-ի նավթի մատակարարումների զանգվածային կրճատումն ավելացնում է էներգետիկ անվտանգության ռիսկերն ամբողջ աշխարհում»,- նշվել է ՄԷԳ-ի հաղորդագրությունում։
Նավթի արդյունահանումն օրական 2 մլն բարելով կրճատելու կարտելի որոշումը վատացրել է Վաշինգտոնի եւ Էր Ռիյադի հարաբերությունները։
ՄԷԳ-ի տվյալներով՝ նավթարդյունահանման փաստացի կրճատումը մոտ կլինի օրական 1 մլն բարելին, հաշվի առնելով այն, որ ՕՊԵԿ+-ի անդամների մեծ մասը, ներառյալ Ռուսաստանը, չի կատարում նախորդ արտադրական պլանները։
Այս որոշման արդյունքում Brent տեսակի նավթի գինը հասել է մեկ բարելը 100 դոլարի։ Հինգշաբթի գլոբալ էտալոնը վաճառվում էր 93 դոլարից մի փոքր էժան, ինչը 11 տոկոսով բարձր է վերջին նվազագույնից։
Որպես կանոն, նավթի բարձր գները ստիպում են գործել ՕՊԵԿ-ի մեջ չմտնող արտադրողներին, հատկապես ամերիկյան թղթաքարային նավթ արտադրող ընկերություններին։ Սակայն, ՄԷԳ-ի տվյալներով՝ նրանք տառապում են մատակարարումների շղթայի խափանումներից եւ բարձր գներից, եւ նրանք դեռ պետք է հայտարարեն խոշոր ներդրումների մասին։
Եվս մեկ գործոն, որը դեր է խաղում անբավարար ներդրումների հարցում. 2020թ. նավթային ճգնաժամը։ Համավարակի առաջին օրերին Brent տեսակի նավթը էժանացավ մեկ բարելը 20 դոլարով, մինչդեռ նավթի գինն ԱՄՆ-ում բացասական էր, ինչը հանգեցրեց սնանկությունների շարքի նավթագազային ոլորտում։
«Դա կասկածի տակ է դնում ենթադրություններն այն մասին, որ ավելի բարձր գները անպայման կհավասարակշռեն շուկան ի հաշիվ լրացուցիչ առաջարկի»։ Սպասվում է, որ 2023թ. առաջարկի աճը «նկատելիորեն կդանդաղի», բայց կհասնի ռեկորդային 100,6 մլն բարելի օրական։ ՄԷԳ-ի կանխատեսումներով՝ նավթի պահանջարկը եկող տարի կկազմի միջինը 101,3 մլն բարել օրական։





























