Նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ-ում գնաճի անմխիթարական ցուցանիշներից հետո շտապել է հավաստիացնել, որ այն էլ ավելի կխորանա, եթե հանրապետականները վերահսկեն Կոնգրեսը հաջորդ ամիս կայանալիք միջանկյալ ընտրությունների արդյունքում։
«Եթե հաղթեն հանրապետականները, գնաճը կխորանա։ Դա պարզ երեւում է»,- ասել է Բայդենը Լոս Անջելեսում ունեցած ելույթում։
Բայդենը պնդել է, որ դեմոկրատները «պաշտպանում են աշխատավորներին»։ «Մենք այս ամիս ընտրություններ ունենք։ Ընտրողները պետք է որոշեն։ Դեմոկրատներն աշխատում են, որպեսզի նվազեցնեն այն ապրանքների գները, որոնց մասին նրանք խոսում են խոհանոցի սեղանի շուրջ, դեղատոմսով բաց թողնվող դեղերից մինչեւ բուժապահովագրություն, էլեկտրաէներգիայի հաշիվ եւ շատ այլ բաներ»,- ասել է նա։
Նրա մեկնաբանությունները հաջորդել են սպառողական գների ինդեքսի հրապարակված թվերին, որոնք ցույց են տվել, որ գնաճը սեպտեմբերին ավելացել է 0,4 տոկոսով եւ 8,2 տոկոսով վերջին 12 ամսում։ Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ տվյալները վկայում են «առաջընթացի» մասին, բայց դեռ անելու բան կա։
Բայդենն իր ելույթում ասել է, որ բենզինի գինը չափից ավելի բարձր է եւ հարկավոր է ավելին անել, որպեսզի այն իջնի՝ ավելացնելով, որ հաջորդ շաբաթ ավելի մանրամասն կնշի բենզինի գների մասին։
Նշենք, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերին։





























