Բելառուսը ռազմավարական զսպման միջոցներ է ձեռնարկում՝ ապահովելով սեփական պետության պաշտպանության ցուցադրումը եւ պատրաստակամությունը, ասել է պաշտպանության նախարար Վիկտոր Խրենին, հաղորդում է ԲելՏա-ն: Նրա խոսքով՝ այդ քայլերը չեն նշանակում, որ հանրապետությունը պատրաստվում է որեւէ մեկի հետ հակամարտել:
«Այդուհանդերձ, մեր ռազմական քաղաքականության հիմք է շարունակում մնալ այն դիրքորոշումը, որ ավելի նպատակահարմար է ոչ թե նիզակ ճոճել, այլ նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ համաձայնության գալ։ Ինչպես մեկ անգամ չէ, որ ընդգծել է մեր պետության ղեկավարը, Մինսկի հարթակը բաց է նման փոխգործակցության համար։ Մենք չենք պատրաստվում հարձակվել որեւէ մեկի վրա»,- ասել է Խրենինը։
Բելառուսի պաշտպանության նախարարը նշել է, որ ռուս-բելառուսական ուժերի տարածաշրջանային խմբավորումը, որը սկսել է տեղակայվել Միութենական պետության ողջ պարագծով, նույնպես ունի զուտ պաշտպանական խնդիրներ։
«Ներկայումս իրականացվող բոլոր միջոցառումներն ուղղված են մեր սահմանների մոտ տեղի ունեցող իրադարձություններին մեր համարժեք արձագանքին»,- ընդգծել է Խրենինը։





























