Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն առաջարկել է խզել դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
Նրա խոսքով՝ «Իրանի գործողությունները ստորություն են ու սուտ, որը մենք չենք հանդուրժի»։ «Չէ որ Իրանն այս բոլոր գործողությունները կատարել է՝ միաժամանակ ասելով մեզ, որ ինքը դեմ է պատերազմին եւ չի աջակցի կողմերից որեւէ մեկին զենքով»,- ասել է Կուլեբան։ «Թեհրանն ամբողջությամբ կրում է Ուկրաինայի հետ հարաբերությունների վերացման պատասխանատվությունը։ Հաշվի առնելով իրանական անօդաչու թռչող սարքերի կողմից Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքին հասցված զանգվածային ավերածությունները, մեր ժողովրդին հասցված մահերն ու տառապանքները, ինչպես նաեւ այն տեղեկությունների ի հայտ գալը, որ Իրանը կարող է շարունակել զենք մատակարարել Ռուսաստանին, ես առաջարկ եմ ներկայացնում Ուկրաինայի նախագահին՝ Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին»,- ընդգծել է Կուլեբան։
«Երբ Իրանը դադարի զենք մատակարարել Ռուսաստանին, մենք կխոսենք հարաբերությունների ողջ շրջանակը վերականգնելու մասին»,- ասել է Կուլեբան։





























