Վրաստանի մշակույթի նախարարության տարածքում վերանորոգման ժամանակ ավտոտնակի տակ հայտնաբերված գերեզմանների մնացորդները տեղափոխվել են Թբիլիսիում  գտնվող Խոջիվանքի պանթեոն, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։

Նախկինում Թբիլիսիի այն վայրում, որտեղ այժմ գտնվում է մշակույթի նախարարությունը՝ Հին քաղաքի սահմաններում, եղել է հայկական եկեղեցի՝ գերեզմանոցով։ Խորհրդային տարիներին եկեղեցին ու գերեզմանատունը վերացվել են, դրանց փոխարեն նոր շենքեր են կառուցվել։

«Ըստ տապանագրի՝ մի գերեզմանը պատկանում է հայկական վանքի քահանա Հովհաննես Տեր-Պողոսյանին, մյուսը՝ նրա կնոջը»,-ասված է Վրաստանի մշակույթի նախարարության հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը մնացորդների հայտնաբերման մասին տեղեկացրել է հայ համայնքին եւ հասարակական գործիչ Վան Բայբուրթին։

Նախարարության, վիրահայ համայնքի եւ Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս վարդապետ Դավթյանի համաձայնությամբ՝ հայտնաբերված բոլոր աճյունները տեղափոխվել են Թբիլիսիում գտնվող հայկական պանթեոն։