Թերթը գրում է, որ օգոստոսի 17-ին կայացած ասուլիսի ժամանակ հարցով դիմել են Երեւանի քաղաքապետարանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանին: Հարցը հետեւյալն է, Երեւանի քաղաքապետի հրամանով քաղաքի երթեւեկությունը թեթեւացնելու համար մի շարք միջքաղաքային երթուղիների վերջին կանգառը տեղափոխվել էր Հյուսիսային ավտոկայան: Այստեղից Երեւան հնարավոր է հասնել միայն մեկ` 259 համարի ավտոբուսով, որի ուղեվարձը, սակայն, 200 դրամ է: Քաղաքացիների խնդրանքն էր` հարց բարձրացնել, թե հնարավո՞ր է գոնե, որ ավտոբուսի ուղեվարձը լինի 100 դրամ:
Իգիթյանը խոստացել էր հարցը նույն օրն իսկ բարձրացնել քաղաքապետարանում: Օրեր անց թերթը փորձել է ավագանու վերոնշյալ ՀՀԿ-ական անդամից ճշտել, թե ինչ փուլում է գտնվում բարձրացված հարցը, սակայն վերջինս ասել է, որ ինքը գրավոր դիմել է քաղաքապետին եւ պատասխան դեռ չի ստացել: Երեկ դարձյալ զանգահարել են Իգիթյանին, ով ասել է, որ 30 րոպեից կրկին զանգահարենք: «Կրկին զանգահարեցինք, բայց հանկարծ պարզ դարձավ, որ քաղաքի ավագանու այս «մտավորական» ներկայացուցիչը լրագրողի, նաեւ պարզ քաղաքացու հետ շփվելու տարրական էթիկայի կանոնները չգիտի: Մինչդեռ հենց այդ պարզ քաղաքացու քվեով է նա ընտրվել ավագանի եւ դրանով իսկ ստանձնել է նրան հուզող հարցերը բարձրացնելու եւ շահերը պաշտպանելու պարտականությունը:
«Այ մարդ, սենց բան կլինի, էռնեկ կողքս լինեիք, տեսնեիք, ինչով եմ զբաղված: Հիմա եկել եմ, ցուցասրահում էքսպոզիցիա ենք անում, կարող է ես հերթապահեմ ընդեղ: Ես բոլոր ժուռնալիստներին արդեն սկսել եմ ատել»,- չգիտես ինչու, բարկացավ Իգիթյանը` անջատելով հեռախոսը: Երբ կրկին զանգահարեցինք նրան եւ հարցրինք, թե ինչու է անջատում հեռախոսը, վերջինս ուղղակի պատասխանեց. «Լավ եմ անում»` կրկին անջատելով հեռախոսը»,- գրել է թերթը` հավելելով. որ նման վարվելակերպն ու վարքագիծը անթույլատրելի են ժողովրդի ընտրյալի եւ իրեն մտավորական համարող անձի համար, մանավանդ այն դեպքում, երբ փորձում էին պարզել նրա անմիջական պարտականությունների եւ ժողովրդին հուզով հարցերի ճակատագիրը: «Մենք էլ առանձնապես չենք գժվում Լեւոն Իգիթյանի համար»,- գրել է «Երկիրը»:




























