Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այցելել են բետոնի արտադրությամբ զբաղվող «Դրաքսման» ընկերություն։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ընկերության ղեկավարները ներկայացրել են ներկայում ցեմենտի դիֆիցիտի պատճառով առաջացած խնդիրները, ոլորտում մասնագետների պակասի հարցը, ինչպես նաև առաջիկա ծրագրերն ու զարգացման իրենց տեսլականը։

Ընկերությունն օգտվել է նախարարության կողմից իրականացվող Տնտեսական արդիականացման միջոցառումից, որի շրջանակում ձեռք է բերել բետոնահանգույց մեքենաներ և բետոնամղիչ պոմպեր։

Նախարարը ներկայացրել է  նաև «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի շրջանակում աջակցության տրամադրման կարգը և պայմանները: