Հայաստանում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող միակ քննչական մարմինը լինելու հանգամանքն արդյունավետ քննության նոր հնարավորություններ և միաժամանակ մեծ սպասումներ է ձևավորում Կոմիտեից: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման առաջին տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:
Ներկայացնելով քննված քրեական վարույթների վիճակագրական ցուցանիշները` Սասուն Խաչատրյանն ասել է, որ մեկ տարում քննիչների վարույթում գտնվող գործերի թիվն ավելի քան եռապատկվել է. 2021թ. հոկտեմբերի 23-ից մինչև օրս Հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է 1042 քրեական վարույթ, մինչդեռ նախորդող մեկ տարվա ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել էր 565 քրեական գործ: Այժմ քննվում է 366 քրեական վարույթ, մինչդեռ 2021թ. հոկտեմբերի 23-ին գործունեությունը սկսելիս Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվել է 114 քրեական գործ:
Կոմիտեի նախագահը նաև անդրադարձել է միջազգային համագործակցությանը և նշել, որ Արևելյան գործընկերության երկրների շարքում Հայաստանը հակակոռուպցիոն պայքարի առումով ամենից առաջատար դիրքերն է զբաղեցնում:





























