Անվտանգության չլուծված խնդրի եւ քաղաքական անկայունության հետ կապված լուրջ անորոշության պայմաններում հնարավոր չէ խոսել Հայաստանում կայուն գների մասին՝ հաշվի առնելով նաեւ միջազգային շուկաներում գնաճը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։
Նա պարզաբանեց, որ միեւնույն ժամանակ, ի տարբերություն համաշխարհային միտումների, Հայաստանում գնաճն ուղեկցվում է ազգային արժույթի արժեւորմամբ՝ ամբողջ աշխարհում դոլարը թանկացել է 5-10 տոկոսով, իսկ Հայաստանում այն արժեզրկվել է գրեթե 20 տոկոսով։
Առանց դրամի արժեւորման Հայաստանում գնաճը, նրա գնահատմամբ, ավելի բարձր կլիներ եւ կկազմեր 18-19 տոկոս։
«Դոլարի կուրսի անկումը կապված է դոլարային լուրջ ներհոսքի հետ դեպի տնտեսություն, որը չի կարող նման ծավալով ամերիկյան արժույթ յուրացնել։ Այս ամենն ուղղակի հետեւանք է Ռուսաստանից Հայաստան քաղաքացիների ներհոսքի»,- հավելեց Խաչատրյանը։





























