Գազաբաշխիչ կայանի ստեղծումը շահավետ է բոլոր կողմերի համար՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի, թե՛ Եվրոպայի, թե՛ Ադրբեջանի, լրագրողներին ասել է «Գազպրոմի» տնօրենների խորհրդի ղեկավար Վիկտոր Զուբկովը Բաքվում ընթացող Վերոնյան Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Դա շահավետ է բոլորին՝ Ռուսաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, Եվրոպային... Պետք է պարզապես հասկանալ, որ դա շահավետ է եւ լրջորեն զբաղվել այդ հարցով։ Լավ է, որ Թուրքիան համաձայնել է նման բաշխիչ կայան ստեղծելուն»,- ասել է Զուբկովը՝ մեկնաբանելով այն հարցը, թե ինչպես է Ադրբեջանը, Ռուսաստանի գործընկեր երկիր լինելով, վերաբերվելու Թուրքիայի եւ ԵՄ-ի սահմանին գազաբաշխիչ ստեղծելու ռուսական գաղափարին։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը շարունակում են աշխատել գազի փոխանակման գործողությունների շրջանակում։ «Նա (Ադրբեջանը – խմբ.) միշտ մեր դաշնակիցն է եղել»,- նշել է Զուբկովը։

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հանձնարարել էին մանրամասն եւ արագ մշակել Թուրքիային գազաբաշխիչ կայանի ստեղծման հարցը, որով, մասնավորապես, ՌԴ-ն կկարողանար «Հյուսիսային հոսքի» գազի տարանցումը տեղափոխել Սեւ ծովի տարածք եւ Թուրքիա։  Էրդողանի կարծիքով՝  Եվրոպան կարող է ռուսական գազն ստանալ Թուրքիայով։

Հիմա գազը Թուրքիա մատակարարվում է այդ թվում «Թուրքական հոսք» գազատարով, որի նախագծային հզորությունը տարեկան 31,5 մլրդ խորանարդ մետր է։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեքշաբթի հայտարարել էր, որ այս համակարգն անհրաժեշտության դեպքում ընդլայնվելու պոտենցիալ ունի։