Այսօր` սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը անկախության հռչակման 20 տարին: Այդ կապակցությամբ մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի կունենան տոնական միջոցառումներ:

ԼՂՀ է ժամանել Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

ԼՂՀ նախագահի նստավայրում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն, որին ներկա է եղել նաեւ տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով նախօրեին Արցախ ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ պետական պարգեւներով պարգեւատրվել են Արցախյան ազատագրական շարժման ակտիվ մասնակիցներ, ազատամարտիկներ ու զինծառայողներ, անվանի հասարակական-քաղաքական գործիչներ, բարերարներ, գիտնականներ, մշակույթի, կրթության եւ սպորտի ոլորտների ներկայացուցիչներ, լրագրողներ Արցախից, Հայաստանի Հանրապետությունից, Սփյուռքից եւ արտերկրից:

Բակո Սահակյանը շնորհավորել է բոլորին հիշարժան տոնի եւ պետական պարգեւներով պարգեւատրվելու կապակցությամբ: Նախագահը 1991 թվականի սեպտեմբերի 2-ը որակել է որպես պատմական ու շրջադարձային օր հայ ժողովրդի կյանքում, որն ազդարարեց Արցախի անկախ պետության ծնունդն ու ոսկե տառերով գրվեց մեր պատմության տարեգրության մեջ: Նա ընդգծել է, որ Արցախի պետականության կերտման գործում անգնահատելի է Հայաստանի եւ Սփյուռքի մեր հայրենակիցների մասնակցությունը, ինչպես նաեւ բոլոր այն մարդկանց` մեր բարեկամների, ովքեր այս տարիներին իրենց գործուն աջակցությամբ թեւ ու թիկունք էին արցախցիներին:

Շնորհավորական խոսքով հանդես է եկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանի ղեկավարը Արցախի Հանրապետության հռչակումը կարեւոր է համարել ողջ հայ ժողովրդի համար եւ ընդգծել, որ այն մարդու եւ ազգի ազատության ու արժանապատվության, ոտնահարված իրավունքների  վերականգնման եւ պատմական արդարության հաղթանակի տոն է: Նախագահ Սարգսյանը Արցախը համարել է համայն հայության հպարտությունը: