Գազի հարցերով գերմանական փորձագիտական հանձնաժողովը կառավարությանն առաջարկներ է ներկայացրել՝ Եվրոպայի խոշորագույն տնտեսությունում գազի գները սահմանափակելու համար, որպեսզի օգնի քաղաքացիներին հաղթահարել էներգակիրների գների աճը, հայտնում է Reuters-ը։

Երկրում տնային տնտեսությունները ավելի քան 2,5 անգամ ավելի են վճարում իրենց մատակարարից գազի միջին տարեկան պայմանագրի համար, քան մեկ տարի առաջ:

Իր վերջնական զեկույցում հանձնաժողովը նշել է, որ Բեռլինը 2023 թվականի մարտից մինչեւ առնվազն 2024 թվականի ապրիլի վերջը պետք է սահմանափակի գազի գինը 12 եվրոցենտով մեկ կիլովատտ/ժամի համար (կՎտժ) տնային տնտեսությունների հիմնական սպառման 80 տոկոսի համար։

Սա համեմատելի է հոկտեմբերին մեկ կՎտժ-ի համար 18,6 ցենտ միջին գնի հետ եւ 20 000 կՎտժ տարեկան սպառում ունեցող միջին տնային տնտեսության համար կարող է տարեկան մոտ 1,056 եվրո խնայել:

Միջոցառումը պետք է նաեւ խոշոր արդյունաբերական սպառողների համար գները սահմանափակի մինչեւ 7 ցենտ մեկ կՎտժ-ի համար 2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2024 թվականի ապրիլի վերջը, ասվում է հանձնաժողովի զեկույցում:

Հանձնաժողովը նշել է, որ այս միջոցն օգտագործող ընկերությունները, ի թիվս այլ պայմանների, պետք է մեկ տարի պահպանեն Գերմանիայում առկա հարթակները եւ աշխատատեղերի 90 տոկոսը:

Ակնկալվում է, որ կառավարությունը կընդունի առաջարկներից շատերը՝ նախորդ ամիս կանցլեր Օլաֆ Շոլցի կողմից հայտարարված 200 միլիարդ եվրոյի փաթեթի շրջանակներում՝ գների աճի ազդեցությունը մեղմելու համար:

Շոլցն ասել է, որ կառավարությունն այս շաբաթ որոշում կկայացնի հանձնաժողովի հիմնական կետերի վերաբերյալ, իսկ էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ թեեւ Բեռլինը որոշ տեխնիկական ճշգրտումներ կանի առաջարկներում, այն կընդունի ընկերությունների համար գնային հիմնական առաջարկները: