ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի օտարերկրյա քաղաքացիության փաստով կատարվում են քննչական գործողություններ։ Այս մասին, պատասխանելով «Sputnik-Արմենիա»-ի հարցմանը, հայտնել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից։

«Թիվ 61202621 քրեական վարույթի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում իրականացվում են համապատասխան քննչական եւ այլ դատավարական գործողություններ»,– ասված է հաղորդագրությունում։

ԱԱԾ-ն հրաժարվել է այս քրեական վարույթի վերաբերյալ այլ տեղեկություններ տրամադրել՝ պատճառաբանելով, որ այդ տվյալները հրապարակման ենթակա չեն։

Հունվարի 25-ին Գլխավոր դատախազությունից «Sputnik Արմենիա»-ին հայտնել են, որ ՀՀ ԱԱԾ-ն կստուգի, թե մինչեւ հանրապետության նախագահ ընտրվելը ունեցել է արդյոք Սարգսյանը Սենթ Քիթս եւ Նեւիսի քաղաքացիություն։

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը այս տարվա հունվարի 23-ին հրաժարական էր տվել։ Որպես այս որոշման պատճառ՝ Սարգսյանը նշելէր է պատշաճ լիազորությունների բացակայությունը, ինչը, ըստ նրա, թույլ չի տալիս նախագահին ազդել քաղաքական գործընթացների վրա։

Հաջորդ օրը Hetq.am-ը տեղեկություն էր հրապարակել, որ Սարգսյանը նախագահ ընտրվելուց առաջ ունեցել է Կարիբյան փոքրիկ Սենթ Քիթս եւ Նեւիս նահանգի քաղաքացիություն։ Նա իրավունք չուներ ընտրվելու նախագահ։

Սարգսյանը, ըստ հրապարակման տվյալների, Կարիբյան ծովի Սենթ Քիթս եւ Նեւիս նահանգի քաղաքացիությունը ստացել է 500 000 դոլար ներդրման դիմաց։