Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է մոսկվաբնակ բարերար Արթուր Վարժապետյանին, ով առաջիններից մեկն է, որ միացել է Երեւանի քաղաքապետի կոչին եւ «Օգնիր դպրոցիդ» կայքի միջոցով գումար է փոխանցել` ամբողջությամբ ապահովելով  Երեւանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի հիմնանորոգման համար անհրաժեշտ ծախսերը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանը նշել է, որ նման կամավոր ներդրումներն իսկապես խրախուսելի են եւ անհրաժեշտ: «Այս քայլով հերթական անգամ Ձեր քաղաքացիական դիրքորոշումն եք դրսեւորել: Շատ մեծ գործ եք կատարել եւ շատ կցանկանայինք, որ այս օրինակին հետեւեին մեր բազմաթիվ հայրենակիցներ»,- շեշտել է նա:

Քաղաքապետը մեկ անգամ եւս ընդգծել է «Օգնիր դպրոցիդ» արշավի կարեւորությունը, նշելով, որ դպրոցն այսօր կարիքներ ունի եւ ցանկացած կամավոր օգնություն կարող է զգալի օգուտ տալ ու արմատապես փոխել վիճակը: «Մեր երկի լավ ապագան կրթված հասարակությունն է: Եթե ուզում ենք արժանավայել երկրում ապրել, պետք է ունենանք արժանավայել դպրոց»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը, ավելացնելով նաեւ, որ դրամահավաքության երեւույթը մերժելու ուղղությամբ քաղաքապետարանը որդեգրել է մի քաղաքականություն` կանգնել սոցիալապես անապահով երեխաների կողքին: «Սոցիալապես անապահով երեխան դպրոցում որեւէ խոչընդոտ չպետք է ունենա»,- նշել է քաղաքապետը:

Մայրաքաղաքի տարբեր դպրոցների կարիքները հոգալու նպատակով, «Օգնիր դպրոցիդ» էլեկտրոնային կայքի միջոցով արդեն իսկ ավելի քան 633 մլն դրամի կամավոր նվիրատվություններ են կատարվել:

Ողջունելով քաղաքապետի այս նախաձեռնությունը, Արթուր Վարժապետյանը նշել է, որ այս կերպ իսկապես լուրջ ներդումներ կարող են ներգրավել դպրոցների հիմնախնդիրների լուծման համար:

Հանդիպման վերջում Կարեն Կարապետյանը, Երեւանի քաղաքապետի շնորհակալագիր է հանձնել Արթուր Վարժապետյանին: