Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 2-ին այցելել է Շիրակի մարզի Սարակապ գյուղ, որտեղ մասնակցել է «Լինսի» հիմնադրամի դպրոցաշինության ծրագրի շրջանակներում կառուցված միջնակարգ դպրոցի մասնաշենքի բացման արարաողությանը:

Միջոցառմանը մասնակցել են նաեւ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՀՀ կրթության գիտության նախարար Արմեն Աշոտյանը Շիրակի մարզի պաշտոնյաներ:

Դպրոցական մասնաշենքը Սարակապում կառուցվել է «Լինսի» դպրոցաշինություն ծրագրի շրջանակներում: Շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 537 միլիոն դրամ, որից 438 միլիոնը հատկացվել է շենքի շինարարությանը, իսկ մնացած գումարով ձեռք է բերվել գույք:

Դպրոցը նախատեսված է 216 աշակերտի համար: Դպրոցում շրջելուց հետո, վարչապետի գլխավորած պատվիրակությունը անմիջապես մեկնել է գյուղից: Տիգրան Սարգսյանը լրագրողների հարցին պատասխանել չի ցանկացել՝պատճառաբանելով, որ շտապում է: