Ամբողջ աշխարհում ընդունված կարգ է, որ դպրոցների մերձակայքի երթեւեկությունը խիստ վերահսկվում է ոստիկանության կողմից, սակայն երեւանյան իրականությունը ճիշտ հակառակն է։ Հատկապես կենտրոնի դպրոցների մոտ, դասերի ավարտից հետո որպես կանոն մեծ խցանումներ են առաջանում։ Պատճառը երեխաները չեն, այլ նրանց ծնողները։
Հայտնի է, որ «փողատերերը», «մեծ ու փոքր» չնովնիկներն իրենց երեխաներին պարտադիր ուղարկում են Կենտրոն վարչական շրջանի դպրոցներ, իսկ դասերի ավարտին մեկնում են իրենց մեքենայով տուն տանելու, ինչի արդյունքում դպրոցի հարակից փողոցերի ու պողոտաների երթեւկությունը վերածվում է քաոսի։ Հատկանշական է, որ արդեն տարիների ձեւավորված «բարի ավանդույթին», նախանձելի համառությամբ, անհաղորդ է մնում Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը։ Ներկայացված տեսանյութում Երեւանի Մոսկովյան փողոցի Պուշկինի անվան դպրոցի մերձակայքի հատվածն է։ Երթեւեկությունը քաոսի են վերածել դպրոցականների ծնողները՝ իրենց բեռնատարի մեծությամբ ջիպերով։ Տեսանյութում պարզ երեւում է, որ ոչ մի ոստիկանական հաշվարկ չկա ու չի վերահսկում իրավիճակը:
Հիշեցնենք, որ ուսումնական տարվա նախօրեին ՃՈ ներկայացուցիչը ասուլիս էր հրավիրել, եւ վստահեցնում էր, որ ՃՈ պատրաստվել է, ու բնականոն երթեւեկություն են ապահովելու:
Նշենք, որ դպրոցների շրջակայքում նման իրավիճակ է ստեղծվում դասերի ավարտին։ Թերեւս ՃՈ համար Երեւանի կենտրոնում գտնվող դպրոցների մոտ դասերի ավարտի ժամին հերթապահություն սահմանելը մեծ խնդիր չէ։




























