Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում կրքերը չեն հանդարտվում. գիտնականները շարունակում են դժգոհել ինստիտուտի կարգավիճակը հիմնադրամի փոխելու կառավարության որոշումից: Սեպտեմբերի 2-ին ինստիտուտում անգամ ժողով է հրավիրվել, որտեղ գիտնականները բարձրաձայնել են իրենց մտահոգությունները:

Գիտնականներին նախեւառաջ մտահոգել է այն հանգամանքը, որ գիտական հիմնարկի կարգավիճակը փոփոխվում է` առանց իրենց այդ մասին տեղյակ պահելու։ Գիտնականների մտահոգությունների մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց ժողովը գրանցող քարտուղար, քիմիական գիտությունների թեկնածու Վասակ Ղավալյանը։ Նրա խոսքով՝ ժողովին հրավիրված գիտնականների գերակշիռ մեծամասնությունը մտահոգ է։

«Ինստիտուտի կարգավիճակի փոփոխման հարցը մեր ընտանիքների, ապագայի, մեր վաղվա օրվա հարցն է, որը սակայն որոշվում է առանց մեզ հետ քննարկելու եւ առանց մեզ հաշվի առնելու։ Մեզ չեն ասել անգամ այդ որոշման դրական կողմերը»,-ասաց Վ. Ղավալյանը։ Ըստ նրա՝ պետական ոչ առեւտրային կազմակերպություն (ՊՈԱԿ) լինելու պարագայում ինստիտուտի ֆինանսավորմամբ, կառավարմամբ  եւ վերահսկողությամբ պետք է զբաղվի պետությունը, իսկ հիմնադրամ լինելու պարագայում պետության դերը նվազում է։

«Կառավարությունը կարող է մի օր հրաժարվել մեզ ֆինանսավորելուց, իսկ հիմնադրամի գործունեությունը այդ դեպքում կախված կլինի գործարարների ֆինանսավորումից։ Հնարավոր է, դրսում նման պրակտիկան աշխատում է, սակայն մեր երկրում դա չի աշխատի»,-ասաց Վ. Ղավալյանը: Նա հիշեցրեց, որ ֆիզիկայի ինստիտուտն ունի 440 աշխատող։ Ինչ վերաբերում է ինստիտուտի ազատ տարածքները այլ կազմակերպությունների կողմից օգտագործվելուն, ապա Վ. Ղավալյանն ասաց, որ այդ հարցն իրենց համար առաջնային չէ:

Հիմնադրամի ժամանակավոր ղեկավար է նշանակվել Աշոտ Չիլինգարյանը: Նա NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գիտնականների մի մասն իսկապես անվստահությամբ են վերաբերում կառավարության որոշումներին: Նրա պարզաբանմամբ` դեռեւս 2009 թ. հուլիսին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջազգային փորձագիտական հանձնաժողով, որում ընդգրկվել են փորձագետներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից։

Ըստ այդ փորձագետների եզրակցության` ֆիզիկայի ինստիտուտը, պահպանելով իր հիմնական ուղղվածությունը, պետք է ընդլայնի գործունեության շրջանակները, մասնավորապես` միջուկային ֆիզիկայի, նորարարական տեխնոլոգիաների փոխանցման բնագավառներում։ Ինստիտուտը կդառնա այնպիսի կենտրոն, որը կկապի արդյունաբերությունը, կրթական համակարգը, հիմնարար գիտությունը: Այդ փորձագետներն էլ խորհուրդ են տվել կառավարությանը` փոխել ինստիտուտի կարգավիճակը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, կառավարության սեպտեմբերի 1-ի որոշման համաձայն՝ «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը, որն առավել հայտնի է «ֆիզիկայի ինստիտուտ» անվամբ, վերակազմավորվեց հիմնադրամի։