ԲՀԿ նախագահը հոկտեմբերի 14-ին Բուրսա չի մեկնել, քանի որ նախապես իմացել է, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվելու է: «Ես ասել էի, որ չեմ գնալու, քանի որ ես որտեղ գնամ, պետք է մենք հաղթենք: Հիմնական խնդիրը սա է»,- հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ծառուկյանը եւ հավելել, թե վստահ էր մերոնց պարտությանը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Գագիկ Ծառուկյանը նշել է. «Ես բոլորին ասել եմ, երկրի նախագահն ասել է, ԱԺ նախագահն ասել է, որ առանց նախապայմանների են այդ հարաբերությունները: Նախապայմաններ եղան, բոլորս հրաժարվելու ենք: Մենք չենք կարող ազգի անունը վաճառել: Ասել ենք` դիվանագիտական կապի ստեղծում, ճանապարհների բացում, ուրիշ ոչ մի բանի հետ կապ չպետք է ունենան այս հարաբերությունները»,- նշել է Ծառուկյանը, իսկ դիտարկմանը, թե թուրքական կողմը խոսում է ղարաբաղյան հակամարտության՝ որպես հայ-թուրքական մերձեցման նախապայմանի մասին, ասել է. «Նրանք գլուխները պատին են տալիս: Մենք էլ շատ բան ենք ասում, ինչո՞ւ իրենց ասածն ընդունում եք, մեր ասածը չեք ընդունում: Մենք ասում ենք` հարաբերություններ առանց նախապայմանների, նախապայմաններ եղան, մենք հրաժարվելու ենք, դեմ ենք լինելու: Դա ասել է երկրի նախագահը, դա ասել է ԱԺ նախագահը»:




























