Այսօր զրուցում ենք Աննա Աստվածատուրյան Թերքոթի հետ, ով ամերիկաբնակ հայ գրող է, բարերար, իրավաբան, Վեստբրուկ բնակավայրի քաղխորհրդի ընտրված նախագահ, «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահը: Աննան նաև «Արտաքսում. դեպի անհայտություն» (անգլ.՝ Nowhere, a Story of Exile) ինքնակենսագրական գիրքի հեղինակն է` հիմնված 11 տարեկանում գրված իր օրագրի վրա, որում նա ներկայացնում է Բաքվում հայերի ջարդերից փախչող իր ընտանիքի պատմությունը: 2013 թվականին նա Մենում հաջողությամբ աշխատել է օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետության պաշտոնապես ճանաչման ուղղությամբ: Դրանից ի վեր Աստվածատուրյան Թերքոթը Հայաստանում և Արցախում իրականացրել է բարեգործական մի շարք ծրագրեր: 2020թ. հիմնել է «Աննա Աստվածատուրյան» բարեգործական հիմնադրամը: Հիմադրամի խոշոր նախագծերից է 44-օրյա պատերազմից հետո իրականացված «Արցախյան պատերազմ 2020. կորուստներ, մարտահրավերներ և դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտությունը: Այժմ «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը մեկնարկում է «Սեր Արցախ» ծրագիրը, որն ուղղված է Արցախում նորածին երեխաներ ունեցող ընտանիքների աջակցությանը:
Հունիս 1-ին մեկնարկեց Ձեր «Սեր Արցախ» նախագիծը. Ինչի՞ մասին է այն:
«Սեր Արցախ» բարեգործական նախագծի շրջանակում Արցախում լույս աշխարհ եկած յուրաքանչյուր նորածնի համար պատրաստում ենք իր առաջին նվեր-տուփը: Մեկնարկի ամսաթիվ ընտրեցինք հունիսի 1-ը` Երեխաների պաշտպանության միջազգային օրը` ի նշան 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ծնված երեխաներին պաշտպանելու անհրաժեշտության և պատասխանատվության։ Մեզ համար անչափ կարևոր էր արժևորել հենց Արցախում ապրելն ընտրած ընտանիքներում ծնված բալիկներին:
Որոշեցինք ծրագրի մեջ ներառել Հայաստանում կամ Արցախում արտադրված պարագաներ, ինչով կարող էինք խթանել նաև հայրենական արտադրանքը: Նախքան նախագծի սկսվելը ամիսներ շարունակ փնտրում էինք հայկական արտադրության շորեր, խաղալիքներ, խնամքի պարագաներ: Իրեր կային, որոնք Հայաստանում չէին արտադրվում, օրինակ տակդիրներ կամ ջերմաչափեր: Դրանք էլ գնում էինք Հայաստանում: Արցախում իմ լավ ընկերներից մեկը խաղալիքներ է պատրաստում: Սիրով համաձայնեց պատրաստել նախագծի խորհրդանիշը դարձած փայտե ճնճղուկին:
Երբ մենք այս նախագծի գաղափարն էինք ամբողջացնում և որոշում էինք` ինչ ապրանքներ ներառել տուփի մեջ, շատերը մեզ հարցնում էին, թե ինչու ենք կենտրոնանում ամենալավ ու որակյալ ապրանքների վրա: Փախստականի ուղին չտեսած մարդկանց համար դժվար էր հասկանալ մեզ. երբ ինքս էի փախստական ուրիշ երկրում, միշտ ստիպված էի հագնել ուրիշի օգտագործած շորերը և իսկ եղբայրս` խաղալ մաշված խաղալիքներով: Ես այդ զգացումները շատ լավ եմ հիշում: Հիմա, երբ ինձ ասում են, որ թանկարժեք իրերի փոխարեն տուփում կարելի է ներառել ավելի շատ ապրանքներ, բայց ավելի էժան, միշտ այդ անձնական զգացումն է անցնում միջովս. փախստականները և պատերազմը սեփական մաշկի վրա զգացած ընտանիքները նույնպես արժանի են ամենալավին:
Ինչու՞ հենց «Սեր Արցախ»:
Ես 11 տարեկան էի, երբ սկսվեցին Բաքվի ջարդերը: Ընտանիքիս հետ ստիպված էի թողնել հայրենի տունս: Նոր տան դեգերումները իմ և ընտանիքիս համար շատ դժվար էին:
Գիտեք, ամեն անգամ աշնանը ես ունենում եմ նույն զգացումը. անձրևը ու թափվող տերևները ինձ տանում են 1989 թվականի աշուն, երբ մենք մեկնեցինք Բաքվից, Հայաստանում անցկացրած օրերը: Աշունն իմ սիրելի եղանակն է, որը, ճակատագրի հեգնանքով, այդքան լիքն է իմ անձնական ցավով:
Իմ` փախստական լինելու օրերին քիչ էր ինչ-որ տեղից օգնություն գտնելու հնարավորությունը: Սպիտակի երկրաշարժն արդեն մեծ վերք էր Հայաստանի համար, ինչին ավելացան նաև Ադրբեջանից Հայաստան տեղափոխված 350,000 փախստականների ծանր ճակատագրերը: Արցախի շատ ընտանիքներ կրկնում են իմ սեփական պատմությունը, լքում են իրենց տները, մնում առանց հարազատների: Զուգահեռներն ակնհայտ են: Նրանց աչքերում ես գտնում եմ ինձ` 11 տարեկան աղջնակիս, ով այդքան շատ ուներ ուրիշների ուշադրության կարիքը:
Այս ծրագիրը ես սկսել եմ ոչ թե որովհետև ուզում եմ հումանիտար աշխատանքով զբաղվել, դա իմ նպատակը չէ բնավ: Սկսել եմ, որովհետև սեփական փորձից գիտեմ, որ դժվարին քաղաքական իրավիճակում մարդկային պատմությունները երկրորդական պլան են մղվում: Այս ծրագրով ես ուզում եմ շեշտը դնել մարդկային պատմությունների ու կյանքերի վրա, որ Արցախում ծնվող երեխաների մասին ոգեշնչող լուրը չկորի մարդկանց ամենօրյա խնդիրների մեջ: Այս ծրագիրը հնարավորություն է ինձ համար ոչ միայն աջակցելու Արցախին և Հայաստանի տնտեսությանը, այլ նաև իրենց նվիրատվություններով կապելու Սփյուռքն Արցախին:
Ի՞նչ արդյունքներ եք գրանցել այս ամիսների ընթացքում:
Ինձ համար ամենակարևորը ոչ թե օգնությունն էր (արցախցիները ստացել և ստանում են նյութական օգնություն), այլ սփյուռքին ցույց տալը, որ Արցախում ապրում և ծնվում են մարդիկ, իսկ Արցախում բնակվողներին` որ սփյուռքն իրենց պատրաստ է աջակցել, որ աշխարհասփյուռ հայերը չեն մոռացել իրենց մասին: Ամենակարևորը բարոյական աջակցությունն էր, ուշադրության արժանացնելը և ուրախության ակնթարթներ նվիրելը:
Բուն ծրագրի ընթացքում բաժանել ենք արդեն 700 տուփ: Հիշարժան պահերից էր երկվորյակների և եռյակների ծննդի մասին լուրը: Մենք նույնիսկ չէինք էլ նախատեսել նման իրավիճակ: Դրականորեն զարմացած և հուզված էինք: Արագ սկսեցինք նոր լուծումներ փնտրել, որ փոքրիկները ստանան իրարից տարբերվող տուփեր: Դրանցում ներառված փայտե խաղալիքին` փոքրիկ ճնճղուկին ավելացավ իր նոր ընկերը` նապաստակը: Այսպիսով մայրիկները ստանում են երկու` իրարից տարբեր տուփեր:
Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել
Ամենակարևոր դժվարությունը ապացուցելն էր, որ նախագիծն ավելի կարևոր է, քան իրականացվող մյուս նախագծերը: Հայաստանում ստեղծված ծանր իրավիճակից Սփյուռքն արդեն հոգնել է և անտարբեր դարձել իրականացվող ծրագրերի նկատմամբ: Այս պայմաններում ամեն օրը դառնում է պայքար` համոզելու, որ հուսահատվելով և հիասթափվելով կամ ուշադրությունը շեղելով ավելի հեշտ լուծվող խնդիրների վրա, մենք չենք հասնի ոչ մի զգալի արդյունքի:
Երկրորդ ամենամեծ խնդիրը մարդկանց համոզելն է նախագծի մասին տեղեկատվություն տարածել: Կարևոր է, որ մարդիկ, ովքեր չեն կարողանում սեփական միջոցներով աջակցել մեր ծրագրին, կիսվեն իրենց ծանոթների հետ, ինչով կապահովեն տեղեկատվական շղթայի անխափան աշխատանքը: Նման մոտեցումը մեզ համար նույնպես աջակցություն է: Մենք չենք ակնկալում միայն ֆինանսական օգնություն. ցանկացած ուշադրություն խոսում է այն մասին, որ մենք պատրաստ ենք մնալ Արցախի կողքին:
Ինչպե՞ս եք տեսնում ծրագրի ապագան
Ամռանն Արցախում էի: Հյուրանոցի աշխատակից երկու աղջիկ մոտեցան և ասացին, որ իրենք դեռ ամուսնացած չեն, բայց հուսով են, որ նախագիծը կգործի այնքան, որ իրենց բալիկները նույնպես ստանան նվեր-տուփերը: Շատերն են գրում ինձ, որ որոշ ժամանակ հետո իրենք նույնպես մայրիկ են դառնալու, հետաքրքրվում են` արդյոք իրենց երեխաներին նույնպես նվեր-տուփեր կհասնեն:
Իմ անհանգստությունն այն է, որ այս պահին մենք ֆինանսավորում ունենք սահմանափակ ամիսների համար: Չնայած դրան` աշխատում ենք ևս ամիս առ ամիս երկարաձգել նախագծի գործունեությունը:
Չգիտեմ, թե ինչքանով կհաջողեն մեր ջանքերը, բայց մենք չենք կորցնում ամենակարևորը` հույսը և պատրաստակամությունը: Անելու ենք ամեն ինչ, որ լրանա նախագծի գործունեության մեկամյակը: Դրանից հետո հուսով եմ հետաքրքրել պետական կառույցներին կամ այլ բարեգործական կազմակերպությունների:
Հուսամ` ամեն ինչ կլինի բարեհաջող:




























