Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասի 18-ամյա զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան գործով այսօր` սեպտեմբերի 3-ին կալանավորվել է օրերս ձերբակլված սպան, որի անունը չի հաղորդվում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՊՆ քննչական ծառայությունից:
«Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում բավարարել է ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի ձերբակալված սպայի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում կիրառելու մասին քննիչի միջնորդությունը:
Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար»,- NEWS.am-ին հայտնել են քննչական ծառայությունից:
Նշենք, որ այդ հոդվածը առնչություն չունի սպանության կամ ինքնասպանության հետ եւ անվանվում է. «Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը»:
Մյուս ձերբակալվածի` բժշկի մասով դեռ նորություն չկա, քանի որ նրա ձերբակալման 72 ժամը դեռ չի լրացել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը նշել էր, որ իրենք ունեն 18-ամյա զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան հանգամանքների ամբողջական պատկերը: Գեւորգ Կոստանյանը նշել էր, որ առայժմ գործով ձերբակալվածները երկուսն են: «Այս պահի դրությամբ, անգամ այս րոպեի դրությամբ դեռ ձերբակալված են այդ երկու անձինք, բայց հաշվի առնելով, որ շատ ակտիվ օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողություններ են ընթանում, ցանկացած պահի ձերբակալված կամ կասկածյալ, մեղադրյալ հանդիսացող անձանց թիվը կարող է ընդլայնվել, ամեն րոպե»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին, ժամը 20:30-ի սահմաններում անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 18-ամյա Աղասի Գեղամի Աբրահամյանը, որտեղ մեկ ժամ անց մահացել էր: Նախապես հաղորդվել էր, թե նա թունավորվել է, իսկ բուժկետում ընկել է մահճակալից եւ մահացել, թեեւ նրա վրա առկա էին բռնության ակնհայտ հետքեր: Զինվորի մահը մեծ հակազդեցություն էր առաջացրել հանրության շրջանում: Հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվել են մեկ սպա եւ մեկ ժամկետային զինծառայող:




























