«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունը հոկտեմբերի 26-ին կրկին հետաձգվել է:

Մինչ այդ դատարանը հասցրեց լսել գործով «տուժող» ոստիկան Վազգեն Դաբաղյանին, որին իբր 2007թ. հոկտեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանը ծեծի էր ենթարկել, ավելի ճիշտ, ոտքով հարվածել էր նրան: «Տուժողն» այնպիսի հակասական ցուցմունքներ տվեց, որ անգամ դատավոր Մնացական Մարտիրոսյանն ու մեղադրողները երբեմն չէին կարողանում թաքցնել իրենց զայրույթը վայ-ոստիկանի նկատմամբ: «Պաշտպանական կողմը առավել քան գոհ է „տուժողի“ հարցաքննության արդյունքներից: „Տուժողի“ ցուցմունքներում ամրագրվեցին այնպիսի փաստեր, որոնք ակնհայտորեն իրականությանը չեն համապաստախանում, եւ հիմնավորվեց, որ կեղծ ցուցմունք է տալիս, ինչը հետագա փուլերում ավելի ակնհայտ է լինելու»,- NEWS.am-ի հետ զրույցում հարցաքննությունը մեկնաբանեց պաշտպան Երվանդ Վարոսյանը:

Հարցաքննությունից հետո դատական նիստը հետաձգվեց մ ինչեւ հոկտեմբերի 28-ը, ժամը 12-ը, երբ ի թիվս այլ վկաների, ցումունք է տալու նաեւ ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը:

Վերջինս, ի դեպ, այսօր կրկին դատարանի մոտ հասարակական կարգ էր «պահպանում»: Նրա հրահանգով ոստիկանները հարձակվեցին դրսում հավաքված կանանց եւ երիտասարդների վրա: Երիտասարդներից երկուսին՝ Սարգիս Խաչատրյանին եւ Սարգիս Գեւորգյանին ոստիկանները բերման են ենթարկել Շենգավիթի ոստիկանատուն:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի