«Ժառանգություն» կուսակցությունը Ազգային ժողովին Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչման օրինագիծ է ներկայացրել: Ենթադրվում է, որ փաստաթուղթը կքննարկվի արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նիստին: «Ժառանգություն» կուսակցությունը կարծում է, որ այս օրինագծի ընդունումը կնպաստի ԼՂՀ կարգավիճակի օրենսդրական ամրացմանը: Փաստաթուղթը կկանոնակարգի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ եղած հարաբերությունենրը, կաջակցի Ղարաբաղում անվտանգության ապահովման գործընթացին, ինչպես նաեւ Ղարաբաղի կարգավիճակի միջազգային ճանաչմանը:

Սակայն «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական գործընկերները համաձայն չեն օրինագծում բերված փաստարկների հետ: Պատասխանելով NEWS.am –ի հարցին արդյոք արժե նախագիծը ներկայացնել քննարկմանը, թե ոչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնավորապես նշել է, որ «թող „Ժառանգությունը“ նախ իր ներքին խնդիրները լուծի եւ հետո զբաղվի Ղարաբաղի հարցով»:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ «սա սեթեւեթանք է»: «Ժառանգություն» կուսակցությունը դրանով ուզում է ապացուցել, որ մնացած բոլորից ավելի է սիրում Ղարաբաղը: Եթե Հայաստանի խորհրդարանը նման օրինագիծ ընդունի, կնշանակի, որ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների գործընթացից ընդհանրապես դուրս ենք գալիս:

«Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը համաձայնել է կոալիցիայի իր գործընկերների հետ: Նա անընդունելի է համարել այս նախագիծը, քանի որ «նմանատիպ կարեւոր հարցերով պետք է զբաղվեն ոչ թե Ազգային ժոողովում, այլ ավելի բարձր մակարդակով»: Նրա խոսքով, այս օրինագծի ընդունումը ոչ մի օգուտ չի տա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

Միայն Դաշնակցության ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը այլ կարծիքի է: Նա ընգծեց, որ Հայաստանը պետք է ներդնի առավելագույն ուժերը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի միջազգային ճանաչման համար: Նա միեւնույն ժամանակ նշեց, որ անթույլատրելի կլինի, եթե այդ օրինագիծը մտնի ԱԺ օրակարգ եւ մերժվի խորհրդարանական մեծամասնության կողմից: «Ես ավելի քան վստահ եմ գործը նման ընթացք կունենա։ Այն ուժեղ հարված կհասցնի ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին։ Դա կնշանակի, որ հակառակորդին լավ առիթ ենք տալիս մեզ հետ պայքարելու։ Մեր թշնամիները ցանկացած հարմար առիթի դեպքում կհիշեն, որ նույնիսկ Հայաստանը հրաժարվել է ճանաչել ԼՂՀ-ն։ Իսկ եթե պետք է հետաձգել, ավելի լավ, է, որ այն ընդհանրապես ԱԺ օրակարգ չմտնի»,-հայտարարել է խորհրդարանականը։