Հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման հետեւանքների վերաբերյալ` վրացական «Ախալի-թաոբա» թերթին տված հարցազրույցում վրաց քաղաքագետ Համլետ Ճիպաշվիլին ներկայացրել է, ըստ իր տեսակետի, Վրաստանի համար հավանական վտանգները։

«Թուրք-հայկական հարաբերությունները,ինչպես երեւում է, լավ են ընթանում: Համենայն դեպս այն ընթանում է այնպես, ինչպես ուզում են այդ երկու պետությունները: Թուրքիան ուզում է բացել հայ-թուրքական սահմանը, որպեսզի զարգացնի Թուրքիայի արեւելյան շրջանները, որոնք համեմատաբար հետամնաց են,իսկ Հայաստանի նպատակը ակնհայտ է: Շուտով կբացվի սահմանը, կվերականգնվեն կապերը, ինչը Վրաստանի համար մահացու կլինի, քանի որ Վրաստանի տարանցիկ փոխադրումների գումարները կնվազեն 30-35 տոկոսով: Բացի այս, կնվազի նաեւ զբոսաշրջությունը: Հիշեցնենք, որ Աջարիայի հանգստավայրերում հիմնական հանգստացողները հայեր են, իսկ հիմա պատկերացրեք, որ հայերը ազատ կմեկնեն Թուրքիա եւ կհանգստանան ավելի էժան հանգստավայրերում»:

Բացի այս, քաղաքագետը չի բացառել նաեւ այն, որ Թուրքիան որոշ ճնշումներ կգործադրի Ադրբեջանի վրա եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ կվերականգնվեն կապերը, ինչպես երկաթուղային, այնպես էլ տրանսպորտային ճանապարհները, ինչի շնորհիվ Ադրբեջանի գազը եւ նավթը Թուրքիա կտեղափոխվեն ավելի կարճ ճանապարհով` Հայաստանի միջոցով:

«Այս ամենը վաղը կարող է տեղի չունենալ, բայց հնարավոր է, որ այն իրականացվի, ինչը Վրաստանին ծանր տնտեսական վնաս կհասցնի»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման Վրաստանի համար հնարավոր վտանգավոր հետեւանքներին, ապա նրա հավաստմամբ` Հայաստանը այսուհետ ավելի ինքնավստահ կդառնա եւ Վրաստանին բազմաթիվ հավակնություններ կներկայացնի , ինչը Վրաստանի ներկայիս կամ ապագա կառավարությանը հաստատ խաղաղություն չի բերի: