Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի է ունեցել համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսի բացման արարողությունը, որին մասնակցել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթ-փառատոնը ՀՀ ԿԳՆ նախաձեռնությամբ կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ: Միջոցառումն այս տարի նվիրված է ՀՀ անկախության 20-ամյակին եւ կրում է  «Հայոց պետականություն. 5000-ամյա... եւ 20-ամյա» խորագիրը: Նախարարը ողջունել է մասնակիցներին, նշելով, որ խորագիրն ընտրվել է, նպատակ ունենալով, ամրապնդել պետության գաղափարը`  պատմության հազարմյա քառուղիներում, ներկա փուլում եւ ապագայում: Նախարար Ա. Աշոտյանը դիտել է պատանի նկարիչների ստեղծագործությունները եւ զրուցել հեղինակների հետ: Ներկայացնելով ստացած տպավորությունները` նախարարը մասնավորապես նշ ել է. «Թեման բավականին բարդ է` պետականության գաղափարը երեխայի աչքերով: Վստահ եմ այսպիսի խորքային, վերլուծական-փիլիսոփայական  ստեղծագործություններ կարող էին ներկայացնել միայն հայ մանուկները: Ես նկատեցի, որ պատանի նկարիչների սյուժեները համազգային են, ինչը նշանակում է, որ պետականությունը, որպես գաղափար եւ արժեհամակարգ, միավորել է երեխաներին: Նկարներից յուրաքանչյուրը հայոց պատմության, մշակույթի եւ ազգային հերոսների նկատմամբ պաշտամունքի դրսեւորում է: Սա մեր ժողովրդի պատմության յուրօրինակ գունազարդ ցուցադրում է` մանկան աչքերով: Վստահ եմ, ունենալով նման սերունդ, մեր պետությունը ունի հրաշալի ապագա: Ներկայացված ստեղծագործությունները լավագույնս ապացուցում են, որ սին են այն խոսակցությունները, թե հայրենասիրական դաստիարակությունը պատշաճ մակարդակի վրա չի գտնվում: Երեխաների նկարները փաստում են, որ հայրենիքը գունեղ է, այս սերունդն ունի ապագա, նրանով կարող ենք  հպարատանալ»:

Ցուցահանդեսի հիմնական նպատակներից մեկը համահայկական ներուժի բացահայտումն է: Փետրվարից մեկնարկած համահայկական մանկապատանեկան մրցույթ-փառատոնին ներկայացվել է շուրջ 1000 աշխատանք` Հայաստանից, Արցախից եւ սփյուռքի 18 երկրներից (ԱՄՆ, Արգենտինա, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Թուրքիա, Իսպանիա, Իրան, Լիբանան, Չինաստան, Ռումինիա, Ռուսաստան, Սիրիա, Ուզբեկստան, Ուկրաինա, Ուրուգվայ, Ֆրանսիա, Քուվեյթ): Ներկայացված աշխատանքներից առաջին փուլում ընտրվել են 243-ը, որոնք մրցույթ-փառատոնի շրջանակում ցուցադրվում են  ՀՀ ԿԳՆ Գեղագիտության ազգային կենտրոնում:

Երկրորդ փուլում կազմակերպվել է նաեւ ինտերնետային ցուցահանդես`սեպտեմբերի 1-ից երկրորդ փուլ անցած բոլոր աշխատանքերը ներկայացված են «Facebook» սոցիալական ցանցում: Սեպտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը կացկացվի առցանց քվեարկություն, որի արդյունքները, ինչպես նաեւ մրցանակակիրների անունները կհրապարկվի ցուցահանդեսի փակման օրը` հոկտեմբերի 5-ին: Մրցանակակիրների անունները հետագայում կտեղակայվեն www.nca.am եւ www.edu.am կայքերում:

Նախագծի կազմակերպմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «ԱրմենՏել» ՓԲԸ-ն: