Հայաստանի իշխանությունները` նախագահը, կառավարությունը, իշխող կուսակցությունը հայտնվել են, մեղմ ասած, երկիմաստ վիճակում: Այս մասին նշված է Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) տարածած հայտարարության մեջ:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Երկրի սոցիալ-տնտեսական հնամաշ համակարգը պահանջում էր կապիտալ վերանորոգում, որն իրականացնելու համար անհրաժեշտ էր վճռականություն ու քաղաքական կամք:
Սակայն բարեփոխումները կրեցին զուտ կոսմետիկ բնույթ, ինչը հերթական անգամ հուսախաբ արեց շրջադարձային փոփոխություններ պահանջող հասարակությանը: Ավելի խորացավ աղքատացած ժողովրդի ու նրա հաշվին գերհարստացած, նյութական բարիքներից ագահորեն օգտվող նորընծա «բուրժույների» միջեւ եղած վիհը: Օր օրի ստվարացան բողոքավոր զանգվածների շարքերը, որոնց հնարավոր ըմբոստությունն այնչափ ահաբեկեց իշխանավորներին, որ նրանք անհարկի գործարքի մեջ մտան իրեն ռադիկալ ընդդիմություն հորջորջող որոշակի քաղաքական խմբավորման հետ: Նպատակն ի սկզբանե բացահայտ էր` զերծ մնալ հասարակական ցնցումներից:
Սակայն, հայտնի է` մարդիկ փողոց են դուրս գալիս կառավարման անարդար համակարգի պայմաններում: Եվ, եթե իշխանությունն իրապես շահագրգիռ էր «դուր գալ» ժողովրդին, ապա պետք է ուղղակի երկխոսեր հասարակության հետ` պարզելու /եթե տեղյակ չէ/ նրա պահանջներն ու օպերատիվ լուծում տար դրանց:
Ավելին, ենթարկվելով միջազգային «արբիտրի» դերում հանդես եկող կենտրոնների հորդոր-թելադրանքին, իշխանություններն ընդամենը ժողովրդավարության ծխածածկույթ են ստեղծում աղքատ երկրում, միայն թե գլուխներն ազատեն քրոնիկ ցավից` ժողովրդի արդարացի ցասումից:
Արդյունքում, այսպես կոչված երկխոսությունը վերածվեց դատարկաբանության /բացակայում էր ժողովրդին հուզող օրակարգը/, շղարշ ստեղծելով, թե, իբր, մեզանում քաղաքական նոր մշակույթ է ձեւավորվում:
Փաստացի, կողմերին միավորում է եւս մի անթաքույց շահ: Փորձ արվեց քաղաքական դաշտից դուրս մղել սկզբունքորեն այլ գաղափարախոսություն կրող, 20-ամյա կառավարման ընթացքում մեր երկիրը տնտեսական, սոցիալական, բարոյական արհավիրհքի հասցրած նեոլիբերալ համակարգը հիմնիվեր փոխելու ունակ ուժերին:
Զուր են ձեր ճիգերը, պարոնայք:
Գաղափարական հենքի վրա համակարգային արմատական փոփոխություններ պահանջող քաղաքական ուժերը չեն կարող մասնակիցը դառնալ հաշվենկատ ու մանրախնդիր այդ «ներկայացումներին»:
Քաղաքական հասունություն վերապրող մեր հասարակությունը այլեւս չի կարող հանդուրժել կեղծիքի, ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի, քրեածին տարրերի օգտագործումով անարդար ընտրությունները:
Եվ մեր` գաղափարական ընդդիմության խնդիրն է լինելու միասնական կազմակերպական բնույթ տալ ժողովրդական շարժմանը ու գլխավորել այն»:



























