Շիրակի մարզում Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը մեծ մասամբ փոփոխված են: Մարզի  4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների  բոլոր նախագահները նոր են: Նոր են նաեւ հանձնաժողովների անդամների մեծ մասը: Հատկանշական է, որ հիմնական համալրումը կատարվել է Շիրակի մարզպետարանի եւ Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցներով:

Գյումրիի թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որն ընդգրկում է Գյումրի քաղաքի մեծ մասը եւՏԻՄ ընտրությունների կազմակերպիչն է համարվում,  7 անդամներից 4-ը քաղաքապետարանի աշխատակիցներ են: Իսկ թիվ 34 ԸԸՀ-ի   նախագահը նախկին հանրապետական«Գյումրի 2» սոցծառայության պետ Էդուարդ Բաղրամյանն է:

Թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ղեկավարում է Շիրակի մարզի անտառտնտեսության տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը, ով ի դեպ նախկինում ՕԵԿ-ից էր:

Թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը Գուրգեն Մալխասյանն է, ով  Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանի («Բարգավաճ Հայաստան») խորհրդականն է:

Սամվել Բալասանյանը, հիշեցնենք, մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել հենց այս ընտրատարածքից:

Թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, որը համակարգում է հիմանականում Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ընտրատեղամասերի աշխատանքը, նույնպես համալրումը հիմնականում կատարվել է Արթիկի քաղաքապետարանի աշխատակիցներով: