«Ժառանգություն» կուսակցությունում, այսօր` սեպտեմբերի 7-ին, Թալինի տարածքային ստորաբաժանումից ահազանգ է ստացվել, որ Թալինում եւ շրջակա գյուղերում տեղի ոստիկանությունը դպրոցների տնօրեններից պահանջում է ուսուցիչների անուններով եւ նրանց կուսակցական պատկանելությամբ ցուցակներ:

«Ժառանգության» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Ժառանգության» պատգամավորները փորձել են կապվել Թալինի ոստիկանապետ Գեւորգ Պողոսյանի կամ նրա տեղակալի հետ եւ բացատրություններ պահանջել, սակայն ոչ մեկի եւ ոչ էլ մյուսի հետ մինչեւ ժ. 15.00-ը կապվել այդպես էլ չի հաջողվել. տեղի ոստիկանության հերթապահ բաժնի ներկայացուցչի փոխանցմամբ նրանք բացակայել են աշխատանքի վայրից:

«Ժառանգությունը» հետամուտ է լինելու ոստիկանության կողմից այս ապօրինի գործողության պատճառները եւ դրա պատվիրատուներին պարզելու գործում: Հավելյալ տեղեկություններ ստանալուն պես, «Ժառանգությունն» այդ մասին անմիջապես տեղյակ կպահի լրատվամիջոցներին: