Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության աշխատակիցներն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, շրջայց են կատարել Երեւանի 52 դպրոցներում եւ հայտնաբերել, որ դրանցից 4-ում՝ թիվ 162, թիվ 160, թիվ 86 եւ թիվ 121 դպրոցներում, աշակերտների մոտ ոչ թե քաղաքապետ Կարեն Կարպետյանի տրամադրած, Անկախության 20-ամյակին նվիրված եռագույն օրագրերն են, այլ տվյալ դպրոցների լոգոներով օրագրեր։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Նարինե Սողոմոնյանը։

«Այդ չորս դպրոցների տնօրեններին կարգապահական տույժ՝ նկատողություն կհայտարարվի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նշված մի քանի կրթօջախներում սեփական լոգոտիպորեվ օրագրերն աշակերտներին վաճառվել են 350 դրամով։ «Իհարկե, դրանք գնելու պարտադրանք չի եղել։ Սակայն երբ այսօր մեր աշխատակիցները երեխաներին խնդրել են ցույց տալ իրենց օրագրերը, պարզվել է՝ նրանց մոտ իրենց դպրոցների լոգոներով օրագրերն են։ Պարզ է, որ քաղաքապետի նվիրած օրագրերն անվճար բաժանելով՝ այդ դպրոցների տնօրենները բավական կտուժեին»,- ասաց Նարինե Սողոմոնյանը։

Ամփոփելով՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետը, թեպետ, կատարվածը խուսափեց խախտում որակել, սակայն նշեց, որ սա անպատասխանատու վերաբերմունք, կարգապահական նորմերի անտեսում է։ «Չնայած Կարեն Կարապետյանը շատ է զայրացել, սակայն հաշվի առնելով սեպտեմբերյան տոնական տրամադրությունը՝ խիստ նկատողություններ դպրոցներին չեն արվի»,- ասաց Սողոմոնյանը՝ ավելացնելով, որ իրենց աշխատակիցները որոշ դպրոցներում ականատես են եղել հապշտապ կերպով այլ օրագրերը հավաքելու եւ քաղաքապետարանի կողմից տրմադրված օրագրերը բաժանելու գործընթացին։

Նշենք, որ նման մի միջադեպի մասին NEWS.am-ին ահազանգել էին նաեւ Երեւանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցի ծնողները։ Այդ դպրոցում եւս մայիսին աշակերտներից 350 դրամ են հավաքել` օրագիր տրամադրելու համար, այնինչ այս տարի պետբյուջեի հաշվին երեխաներին ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված օրագրեր են բաժանվել:

Մեր թղթակիցը փորձել էր պարզել, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է դպրոցը գումար հավաքել: Նա այցելեել էր թիվ 161 դպրոց եւ զրուցել տնօրեն Մուշեղ Սինանյանի հետ: Վերջինս հաստատել էր, որ մայիսին դպրոցում գումար են հավաքել օրագիր տրամադրելու համար: «Ես այդ գումարը հավաքել եմ մինչեւ այդ գործընթացն սկսելը, որովհետեւ դպրոցը տեղյակ չէր, որ անվճար օրագրեր են տրվելու: Մտածում էինք` դպրոցը ինքն իր օրագրերը ունենար, որ ծնողը չտանի տա 500 դրամ, այլ տա 350 դրամ եւ միանգամից դպրոցից վերցներ օրագիրը: Այդ գումարները վերադարձվելու են ծնողներին»,- ասել էր նա: