Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից ներկայացված Ազգային մրցունակության զեկույցում Հայաստանին վերաբերող գնահատականները օբյեկտիվ վերլուծություն են: Նման հայտարարությամբ այսօր` սեպտեմբերի 8-ին հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` կառավարության նիստի ընթացքում ներկայացնելով զեկույցի վերաբերյալ իր գնահատականները: Ըստ վարչապետի` զեկույցն առաջին հերթին վեր է հանում Հայաստանի տնտեսության թույլ կողմերը եւ մատնանշում այն կոնկրետ չափանիշները, որոնք ենթակա են բարելավման:
Տ. Սարգսյանը գոհունակություն հայտնեց, որ 2011/12 թ.թ. զեկույցում Հայաստանն առաջընթաց է արձանագրել 6 կետով, իսկ հաջորդ տարվա զեկույցում առաջընթացն ավելի ակնառու կլինի: Պատճառն այն է, որ 2010 թ. Հայաստանն ունեցել է գնաճի բարձր տեմպ, ինչի պատճառով վերջին զեկույցում 15 կետով հետ է նահանջել, սակայն 2011 թ. գնաճը էապես նվազել է, ինչը կբարելավի Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակի վերաբերյալ գնահատականը:
Հաջորդ տարվա զեկույցում, վարչապետի կարծիքով, իր ազդեցությունը կթողնեն նաեւ բիզնես-միջավայրի բարելավմանն ուղղված կառավարության քայլերը:



























