Գերմանիան մեծապես կախված է շատ կարեւոր հումքային նյութերի ներմուծումից եւ հաճախ ամբողջությամբ ապավինում է այլ երկրներին՝ պահանջարկը բավարարելու համար, ասվում է հետազոտության մեջ, որը նախազգուշացնում է, որ այդ կախվածության մեծ մասը կապված է «ավտորիտար ռեժիմների» հետ, հաղորդում է Reuters-ը:
DIW հետազոտական ինստիտուտը 30 հումքային նյութ ճանաչել է որպես հատկապես կարեւոր եւ գնահատել է դրանցից 14-ի համար 100 տոկոսի մակարդակում ներմուծումից Գերմանիայի կախվածությունը։ Ըստ DIW-ի՝ եւս երեքի մոտ կախվածությունը կազմել է ավելի քան 95 տոկոս։
«Այս տարի Ռուսաստանը մեզ հստակ ցույց տվեց, թե ինչպես ավտոկրատական ռեժիմները կարող են օգտագործել հումքից կախվածությունը որպես քաղաքական ճնշման միջոց եւ ինչ լուրջ տնտեսական հետեւանքներ ունի այդ կախվածությունը»,-ասում է DIW-ի գլոբալ տնտեսության ղեկավար Լուկաս Մենհոֆը:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ էլեկտրական մեքենաների եւ հողմային տուրբինների կառուցման համար անհրաժեշտ հազվագյուտ հողային տարրերի դեպքում Գերմանիան եւ Եվրամիությունը ընդհանուր առմամբ ավելի քան 90 տոկոսով կախված են չինական մատակարարումներից։




























