Հայաստանում յուրաքանչյուր 100 մլրդ դրամի դիմաց (խոսքը խաղադրույքերի մասին է-խմբ․) խաղային բիզնեսի սեփականատերերը պետք է պետությանը լրացուցիչ 175 մլն դրամ վճարեն տուրքերի տեսքով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
Բուքմեյքերական եւ օնլայն խաղատների ոլորտներում սահմանվել է տարեկան 600 մլն դրամի տուրք։ Սակայն կառավարությանը դա բավարար չի թվացել, եւ որոշում է կայացվել խստացնել գործող օրենսդրությունը։
«Իսկ հիմա յուրաքանչյուր 100 մլրդ դրամի դիմաց խաղային բիզնեսի սեփականատերերը ստիպված կլինեն պետությանը լրացուցիչ 175 մլն դրամ վճարել տուրքերի տեսքով։ Ընդ որում, տոտալիզատորների կազմակերպիչներն ամեն անգամ 50 մլրդ դրամի խաղադրույք ընդունելու համար պետությանը պետք է վճարեն լրացուցիչ 50 մլն դրամ տուրքի տեսքով»,-ասաց Պողոսյանը։





























