Բանակի նկատմամբ հանրության վստահության վերականգնման ամենակարճ ուղին անցած տասնամյակներում տեղի ունեցած սպանությունների լիարժեք բացահայտումն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
«Տարիներ շարունակ մշտապես հորդորել ենք, որ ուղղակի բացահայտեն այս գործերը: Ես կոնկրետ գիտեմ գործեր, որովհետեւ ամեն հինգշաբթի մշտապես զրուցում ենք կառավարության շենքի առջեւ բողոքող անձանց հետ եւ բոլորի պատմություններից տեղյակ ենք: Անցած տարի ԱԺ-ում երկու քննարկման ենք մասնակցել, մեկում ներկայացնում էին զորահավաքի խնդիրները, մոնիտորինգի արդյունքները, եւ դրանք պարզապես ողբերգական էին:
Հետագայում նախարարը խոստովանեց, որ զորակոչի ընթացքում ամեն ինչ չէ, որ վերահսկվում է, որ հիվանդ երեխային կարող են զորակոչել, առողջին` ազատել: Գրեթե մի անվերահսկելի իրավիճակ է»,- նշեց Սաֆարյանը եւ հավելեց. «Երկրորդ քննարկումը փակ էր, որին հրավիրել էինք ՊՆ քննչական մարմինների ներկայացուցիչներին, որոնք քննում են վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերը: Ցավոք դրանից հետո որեւէ շարունակություն չեղավ եւ մենք տեսնում ենք, որ ամեն մի անպատիժ մնացած հանցագործություն հանգեցնում է նորանոր հանցագործությունների»:
Պատգամավորը նաեւ ադեկվատ չի համարում իշխանությունների արձագանքը բանակում զոհվածների հարազատների բողոքի գործողություններին: «Գիտեք, պահանջել մարդուց անվերապահ հավատալ բանակին եւ չմտածել սեփական զավակի մասին` կեղծ հայրենասիրություն խաղալով, ես նման կոչերը ճիշտ չեմ համարում: Իհարկե, առաջին հերթին ցանկանում եմ, որ այս հանրային բանավեճը հնարավորինս դուրս լինի էմոցիոնալ եւ շահարկումային դաշտից, բայց պետք է լուծվի: Հանրային դեբատով կլինի, թե ներքին քննարկումներով, սպանություն կատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն, եւ ծնողները գոնե վստահ լինեն, որ մարդասպանները ստացել են իրենց արժանի պատիժը, իսկ այլոց զավակները ապահովագրված են նույն ճակատագրից»,- նշել է պատգամավորը:



























