Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ շան ձագերի խառնվածքի տարբերությունները կախված են գենոմից: Հետազոտողների աշխատանքը հրապարակվել է Frontiers in Psychology ամսագրում:

Էպիգենոմի զննումը կարող է ցույց տալ, թե արդյոք շան ձագը ակտիվ կլինի կամ երկչոտ։

Շների էպիգենոմը կախված է տարիքից, սննդակարգից, վարժությունից, սոցիալիզացիայից եւ շրջակա միջավայրի այլ գործոններից։ Այն կարող է ազդել նյարդային բջիջների գործունեության եւ հաղորդունակության վրա եւ այդպիսով փոխել վարքը:

«Շների վարքագիծը կապված է նրանց էպիգենոմի հետ։ Մեր արդյունքները դռներ են բացում էպիգենետիկայի օգտագործման համար՝ ուղեկցող շների կամ ծառայողական շների ցանկալի վարքային հատկությունները զննելու եւ ընտրելու համար»,-նշել են գիտնականները:

Հետազոտողները քանակապես գնահատել են էպիգենետիկ, գենետիկական եւ վարքային տարբերությունները 1-16 տարեկան 31 տարբեր ցեղատեսակների 46 էգ եւ արու շների միջեւ: Վարքագծային տարբերությունները որոշվել են՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչպես են կենդանիների տերերը լրացրել հարցաթերթիկը: Հետո հետազոտողները ուսումնասիրել են էպիգենոմը: Արդյունքները ցույց են տվել, որ ընտրված 930 մեկ նուկլեոտիդային պոլիմորֆիզմից (SNP) երկուսը կապված է  վարքային հատկությունների հետ: Նրանք կարող են մասամբ կանխատեսել, թե որքանով է շունը վախենում անծանոթներից: Ապագայում գիտնականները կշարունակեն հետազոտությունները։