Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի մարտական դիրքերում ԼՂ պաշտպանական բանակի ժամկետային զինծառայող, 19-ամյա Հայկ Մկրտչյանը զոհվել է համածառայակցի հետ վեճի արդյունքում:

Զինդատախազ Գեւորգ Կոստանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ «այս պահի դրությամբ դեպքի ամբողջական պատկեր տալիս են այն առումով, որ տեղի է ունեցել վեճ, որի արդյունքում ունենք կրակոցներ»:

«Քանի որ ձերբակալված է կասկածյալը, քննիչները օպերատիվ աշխատանք են կատարում արագության առումով, եւ օպերատիվ-հետախուզական մարմինները արդեն փորձում են ամբողջացնել դեպքի հանգամանքները: Եռօրյա ժամկետում պետք է մեղադրանք առաջադրենք եւ հստակորեն կարելի կլինի հստակ նկարագիր տալ»,- նշեց Գեւորգ Կոստանյանը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ԼՂՀ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հայկ Վասիլիի Մկրտչյանը սեպտեմբերի 7-ին մահացել է համածառայակից, ժամկետային զինծառայող Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանի արձակված կրակոցներից: Վերջինս Արմավիրի մարզի Ամբերդ գյուղից էր եւ զորակոչվել էր Էջմիածնի զինկոմիսարիատից:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով (Զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ): Հայկ Մկրտչյանի հարազատների խոսքով, նրա մարմնից թվով 14 փամփուշտ են հանել: