Քսանհինգ տարի առաջ, երբ «Գրանթ Թորնթոն»-ը առաջին անգամ եկավ Հայաստան, այստեղ քչերը գիտեին, թե ինչ է արտաքին աուդիտը և ինչու է այն անհրաժեշտ: Այսօր արտաքին աուդիտ է պատվիրում յուրաքանչյուր բիզնես, որը ցանկանում է հաճախորդներին, ներդրողներին և գործընկերներին ցույց տալ, որ իր ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով արժանահավատ են:
«Գրանթ Թորնթոն» ՓԲԸ տնօրեն, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի խորհրդի անդամ Արմեն Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երբ ինքը 1998 թ․ միացավ ընկերությանը, այն բաղկացած էր ընդամենը մի քանի աշխատակցից։ Այսօր Հայաստանում ընկերությունն արդեն շուրջ 150 աշխատակից ունի և երկրի ամենամեծ աուդիտորական ընկերությունն է։
Ընդլայնվել է նաև տարիների ընթացքում մատուցվող ծառայությունների ցանկը։ Եթե ի սկզբանե «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը զբաղվում էր միայն արտաքին աուդիտով, ապա այսօր, ինչպես նշեց Հովհաննիսյանը, ֆինանսական և խորհրդատվական ոլորտում չկան այնպիսի ծառայություններ, որոնց համար ընկերությունը մասնագետներ չունենա։
«Մենք մեր հաճախորդներին տրամադրում ենք ծառայությունների լայն սանդղակ, մեր հաճախորդը գիտի, որ ցանկացած հարցով կարող է դիմել մեզ: Եւ նույնիսկ, երբ հաճախորդի կարիքը վերաբերում է որևէ շատ յուրահատուկ իրավիճակի, որի համար մեզ անհրաժեշտ է ներգրավել այլ մասնագետի, ապա մենք կարող ենք դիմել Grant Thornton International-ի 68 000 աշխատակիցներից կազմված ցանցին ամբողջ աշխարհում և ստանալ մեզ անհրաժեշտ տեղեկատվությունը կամ ծառայությունը», - ասաց Հովհաննիսյանը:
Արտաքին աուդիտ. ինչո՞ւ է այն այդքան կարևոր և ինչո՞ւ չի կարելի այն վստահել կամայական մեկին
Արտաքին է համարվում այն աուդիտը, որն իրականացվում է ոչ թե տնտեսվարող սուբյեկտի աշխատակիցների, այլ անկախ աուդիտորական կազմակերպության կողմից՝ համոզվելու համար, որ ընկերության ֆինանսական հաշվետվությունները ճիշտ են արտացոլում իրավիճակը և համապատասխանաբար երրորդ անձինք, որոնց թվում կարող են լինել պետությունը, հաճախորդները, բիզնես գործընկերները, ներդրողները և մյուսները, կարող են վստահ լինել, որ այդ հաշվետվությունները բոլոր էական առումներով ճշմարիտ են և արժանահավատ։
«Ցանկացած ընկերության համար կարևոր է, որ իր հաշվետվություններին վստահեն, դա անհրաժեշտ է նրա հետ համագործակցելու ցանկության համար: Այդ պատճառով էլ վստահելի ընկերության կողմից իրականացվող աուդիտն այդքան կարևոր է», - ասաց Հովհաննիսյանը։
Արտաքին աուդիտը կարող է նաև օգնել ընկերությանը բացահայտելու ներքին հսկողության խնդիրներն ու թերությունները: Աշխատանքի ավարտից հետո սովորաբար աուդիտորը նամակ է գրում ընկերության ղեկավարությանը, որն, ի տարբերություն աուդիտորական եզրակացության, հրապարակման ենթակա չէ: Այս նամակում նա ներկայացնում է ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացում ներքին հսկողության համակարգում իր կողմից հայտնաբերած խնդիրները և խորհուրդներ տալիս, թե ինչպես կարելի է դրանք շտկել։
«Վստահությունը աուդիտորական գործի հիմնաքարերից է: Եւ չափազանց կարևոր է, թե ինչ հեղինակություն ունի արտաքին աուդիտն իրականացնող ընկերությունը», - ընդգծեց նա:
Փորձագետի խոսքով՝ Հայաստանում երկար ժամանակ այս ոլորտում բավականին լուրջ խնդիրներ կային. որակի հսկողությունը խնդրահարույց էր, և տարբեր քիչ հայտնի ընկերություններ արտաքին աուդիտներ էին անցկացնում՝ կասկածելի ցածր գնով և հայտնի չէ, թե ինչ չափանիշներով։ Այս ամենը բացասաբար էր ազդում հանրության վստահության վրա աուդիտի ոլորտի նկատմամբ առհասարակ:
2020 թ․, սակայն, ընդունվել է երեք օրենք՝ հաշվապահական հաշվառման, աուդիտի և այս ոլորտների կարգավորման և հանրային վերահսկողության մասին: Ինչպես նշեց Հովհաննիսյանը, այժմ օրենքները պարտավորեցնում են խոշոր և միջին ընկերություններին, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպություններին աուդիտի ենթարկել և հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները, ինչը միանշանակ օժանդակում է մրցակցային, թափանցիկ, բիզնես միջավայրի ստեղծմանը եւ գործարար կառուցողական փոխհարաբերությունների զարգացմանը:
Իսկ որակի վերահսկողությունն ապահովելու համար Ֆինանսների նախարարությանը կից ստեղծվել է հանրային խորհուրդ, որը հաշվապահական և աուդիտորական գործունեության ոլորտում հանրային վերահսկողություն է իրականացնում Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի միջոցով։
Լավ ֆինանսիստը վաստակում է ոչ պակաս, քան ՏՏ ոլորտի մարդիկ. ինչո՞ւ չկան բավարար ֆինանսիստներ
Եթե Հայաստանում վերջին տարիներին բազմաթիվ դրական փոփոխություններ են եղել օրենսդրական ոլորտում եւ որակի վերահսկողության ոլորտում, ապա կադրային ոլորտում դեռ լուրջ խնդիրներ կան։ Իսկ ՏՏ ոլորտի մասսայականացումը ավելի է սրում այդ խնդիրները. շատ ֆինանսիստներ, բանկային գործի մասնագետներ, հաշվապահներ թողնում են իրենց մասնագիտությունը և ձգտում մտնել ՏՏ ոլորտ՝ մտածելով, թե այնտեղ իրենց ավելի բարձր ու կայուն եկամուտ է սպասվում։
Իրականում, ըստ Արմեն Հովհաննիսյանի, լավ ֆինանսիստները, որոնք անընդհատ զարգանում ու աշխատում են իրենց վրա, Հայաստանում եւ աշխարհում ՏՏ ոլորտի աշխատողներից պակաս չեն վաստակում, հաճախ ավելի շատ են վաստակում, բայց ինչ-ինչ պատճառներով ՏՏ ոլորտը ոմանց ավելի գրավիչ է թվում։ Արդյունքում երիտասարդները, եթե նույնիսկ ունեն տաղանդ ու բարձրագույն կրթություն ֆինանսների ոլորտում, նախընտրում են դառնալ միջին մակարդակի ՏՏ մասնագետ, բայց ոչ ֆինանսիստ։
Կադրերի սղության խնդիրը լուծելու համար «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը բացել է իր սեփական ակադեմիան, որտեղ կարելի է ձեռք բերել աուդիտի և խորհրդատվության ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքներ և փորձ։ Ավելին, ընկերությունում աշխատում են ակադեմիայի լավագույն շրջանավարտները։ Այդուհանդերձ, դեռևս բավարար մասնագետներ չկան։
«Եթե նույնիսկ 50 լավ ֆինանսիստ լինի, մենք այսօր պատրաստ ենք բոլորին աշխատանքի ընդունել», - ասաց Հովհաննիսյանը։
Ճիշտ է, ընկերությունն ապագա աշխատակիցների մեջ փնտրում է ոչ միայն պահանջվող մակարդակի գիտելիքներ, այլ նաև մարդկային որոշակի որակներ։
«Մեր թիմը նման է մի մեծ ընտանիքի, և սա համարվում է ընկերության ամենամեծ ձեռքբերումն այս 25 տարիների ընթացքում։ Մենք շատ ջերմ, բարեկամական հարաբերություններ ենք պահպանում մեր ներկա և նախկին գործընկերների հետ։ Նոր աշխատակիցների մեջ մենք փնտրում ենք նաև մարդկային որակներ, որոնք նրանց կդարձնեն մեր ընկերության մշակույթի, մեր արժեքների կրողը»։
Ժամանակակից տեխնոլոգիաներ. ինչպե՞ս են դրանք նպաստում աուդիտի ոլորտի զարգացմանը
Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը հանգեցրել է բազմաթիվ մասնագիտությունների անհետացման, որոնք կորցրել են իրենց արդիականությունը։ Ժամանակին նման ճակատագիր էր կանխատեսվում նաև աուդիտի համար. կարծիք կար, որ շուտով այս ոլորտում ամեն ինչ ավտոմատացված կլինի, ֆինանսական բոլոր հաշվետվությունները կստեղծվեն արհեստական բանականության միջոցով, և աուդիտորների կարիք այլևս չի լինի։ Ինչպես ցույց է տվել փորձը, այդպիսի զարգացումներ տեսանելի ապագայում դժվար թե սպասվեն։
«Աուդիտի ոլորտում մարդկային գործոնը շատ կարևոր է, և արհեստական բանականությունը չի կարող փոխարինել դրան։ Ամեն ինչ չէ, որ կարող է ավտոմատացվել, հետևաբար աուդիտորները գործընթացի կարևորագույն դերակատարներն են», - ասաց նա:
Ժամանակակից տեխնոլոգիաները ոչ միայն չզրկեցին աուդիտորներին աշխատանքից, այլ ընդհակառակը, օգնեցին մեծացնել դրա ծավալը. Հայաստանի աուդիտորներն ու ֆինանսիստները սկսեցին ծառայություններ մատուցել նաև Հայաստանի սահմաններից դուրս։
«Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը, ինչպես նշեց Հովհաննիսյանը, նույնպես ակտիվորեն արտահանում է ծառայություններ. ընկերության շրջանառության մոտ կեսն ապահովում է արտահանումը։ Հայ մասնագետները ծառայություններ են մատուցում Պուերտո Ռիկոյում, Իռլանդիայում, Լյուքսեմբուրգում և այլ երկրներում գտնվող բիզնեսներին:
Ըստ Հովհաննիսյանի՝ աութսորսինգը ներկայում դարձել է շատ ընդունված, քանի որ շատ տնտեսվարողների համար այն շահավետ է ծախսերի նվազեցման, որակի երաշխավորման և այլ տեսանկյուններից:
Իսկ Հայաստանում արտասահմանյան ընկերություններին գնի եւ որակի լավ հարաբերակցություն են առաջարկում։

Զարգացում եւ ընդլայնում. որո՞նք են «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի ապագա ծրագրերը
Եթե 25 տարի առաջ «Գրանթ Թորնթոն»-ը Հայաստանում աուդիտորական առաջին ընկերություններից էր, այսօր այն ոլորտի առաջատարն է:
«Մենք կարծում ենք, որ զարգացումն ու աճը միշտ շարունակական պետք է լինեն, առավել ևս սրընթաց փոփոխող մեր ժամանակներում, - ասաց Հովհաննիսյանը՝ խոսելով ընկերության ապագայի ծրագրերի մասին: - Մենք կշարունակենք պահպանել մեր դիրքը, զարգանալ ու ընդլայնվել»:
Ղեկավարությունն ընկերության զարգացումն ու ընդլայնումը տեսնում է մի քանի տարբեր ուղղություններում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Ռազմավարական հիմնական շեշտադրումներն արվում են նոր տեսակի ծառայությունների ներդրման, տեխնոլոգիական նորարար լուծումների մշակման, նոր շուկաների բացահայտման, ինչպես նաև ընկերության հիմնարար արժեք՝ մարդկանց համար լավագույն մասնագիտական հնարավորությունների ստեղծման շուրջ:





























