Կառավարության շենքի գմբեթի կառուցմանը դեմ են ընդամենը մի քանի հոգի, ովքեր շատ ակտիվ են եւ տպավորություն է ստեղծվում, որ հասարակությունը դեմ է այդ թմբուկի կառուցմանը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը «Այս մարդիկ, սկսած 2008 թվականից, տեղյակ են եղել թմբուկի կառուցման մասին, այդ թվում՝ Ալեսանդր Թամանյանի թոռը, ճարտարապետների միության նախագահը եւ այլք»,- նշեց գլխավոր ճարտարապետը:
Նրա խոսքով` թմբուկի կառուցմանը դեմ լինելու «պրոֆեսիոնալ արգումենտներ» չկան եւ դրա կառուցումը «բացառապես մասնագիտական խնդիր է, հանրային քննարկման խնդիր չէ»:
«Երբ Հանրային խորհրդում գինեկոլոգ մասնագիտությամբ մի տիկին ասում է, որ սա Թամանյանի «խզբզոցներն» է եւ ոչ թե նախագիծ, առնվազն ամոթալի է մասնակցել նման քննարկումներին»,- նշեց Նարեկ Սարգսյանը: Գլխավոր ճարտարապետը հավելեց, որ թմբուկի կառուցումը երկար պատմություն ունի, Կարեն Դեմիրճյանի ժամանակ նույնպես դրա կառուցման անհրաժեշտությունը եղել է, սակայն չի իրականացվել, քանի որ մոսկովյան իշխանությունները թույլ չեն տվել:


























