Երևանում բնակարան վաճառելիս բնակարանատերերին խորհուրդ է տրվում հետևել մի քանի պարզ կանոնների, որոնք նրանց կօգնեն ավելի արագ գնորդ գտնել։ Banali.am անշարժ գույքի հարթակի մասնագետները ներկայացրել են իրենց խորհուրդները, թե վաճառողները համացանցում ինչպես ավելի ճիշտ ներկայացնեն իրենց բնակարանը, ինչպես գնահատեն այն, ինչին ուշադրություն դարձնեն բնակարանը ցուցադրելիս եւ պայմանագիր կնքելիս։

  1. Առաջին հերթին վաճառողները պետք է որոշեն, թե արդյոք կարող են ինքնուրույն սահմանել գինը, ճիշտ հայտարարություն գրել, գնորդ հայթայթել, պատասխանել զանգերին, բանակցել գնորդների հետ, իմանալ գործարքի քայլերը, հերթականությունը, անհրաժեշտ փաստաթղթերը․․․ Եթե նրանք վստահ չեն իրենց ուժերի վրա, կամ չեն ցանկանում այդքան ժամանակ և նյարդեր ծախսել, ապա ավելի լավ է դիմել ռիելթորների օգնությանը․ հատկապես, եթե դեպքը ոչ ստանդարտ է, օր․՝ բնակարանը ժառանգաբար է փոխանցվում, առկա են մի քանի սեփականատեր, այդ թվում Հայաստանում չգտնվող և այլն: Այս բոլոր թղթերը հավաքելը բավականին քաշքշուկների հետ կապված գործ է, ուստի նման դեպքերում հատկապես ճիշտ է այն վստահել բանիմաց մարդկանց։ Դա կմեծացնի բնակարանը վաճառելու հնարավորությունները, կկրճատի ժամանակը, իսկ անշարժ գույքի վաճառքի միջնորդավճարները սովորաբար կազմում են գործարքի գումարի 1,5-2%-ը, ուստի սա այնքան էլ մեծ ֆինանսական բեռ չէ վաճառողի համար։
  2. Քայլերի և փաստաթղթերի ցանկը սահմանելու համար, վաճառողը, ինչպես նաև գնորդը պետք է ստուգեն գույքի կարգավիճակը:Դա կարելի է հեշտությամբ անել առցանց՝ e-cadastre.am կայքի միջոցով։ Ռիելթորական ծառայություններից օգտվելու դեպքում դա վաճառողի փոխարեն կանի իհարկե ռիելթորը:
  3. Երեւանում բնակարանի արժեքը գնահատելիս պետք է հաշվի առնել, որ մեկ քառակուսի մետրի արժեքը տարբերվում է նաև Կենտրոնից դուրս գտնվող համայնքներում։ Այնպես է ստացվել, որ Նոր Նորք, Ավան, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ և Դավթաշեն համայնքներում բնակելի տարածքն ավելի թանկ է, քան Շենգավիթ, Մալաթիա և Էրեբունի համայնքներում, թեև ենթակառուցվածքների կամ երկրորդային շուկայի շենքերի վիճակի առումով դրանք ոչ միշտ են տարբերվում:
  4. Սեփականատերը չպետք է շատ ուռճացնի բնակարանի նախնական գինը. իհարկե, գինը սահմանելիս վաճառողը նկատի է ունենում այն, թե որքանով է պատրաստ նվազեցնել այն հաճախորդի հետ սակարկելով, բայց եթե նախնական գինը շատ բարձր է, ապա բնակարանը կարող է դուրս մնալ անշարժ գույքի առքուվաճառքի կայքերի համապատասխան ֆիլտրերից: Եթե, օրինակ, բնակարանը վաճառվում է կահույքով, բայց սեփականատերը պատրաստ է այն վաճառել առանց կահույքի, ապա ավելի ճիշտ է, որ գովազդում կամ հայտարարության մեջ նշվի առանց կահույքի գինը (այսինքն՝ ավելի ցածր գինը), իսկ արդեն բանակցությունների ժամանակ գնորդին կարելի է առաջարկել կահույքի հետ տարբերակը։
  5. Մարդիկ հաճախ մեծ կապվածություն են ունենում իրենց բնակարանի հետ․ հիշում են ամեն մի մանրուքն ու հոգին, որ ներդրել են վերանորոգման ժամանակ, ինչը դրդում է սուբյեկտիվորեն թանկ գնահատականի, այնինչ չպետք է մոռանալ, որ գնորդին դա կարող է հետաքրքիր չլինել, ուստի վաճառողը չպետք է գերագնահատի «սեփական ձեռքով վերանորոգման» կամ « սալիկներն Իսպանիայից իր ձեռքով բերելու» հանգամանքների նշանակությունը։ Ավելին, եթե գնորդը վարկով է գնում բնակարանը, ապա բանկը հիփոթեքային վարկ տալու համար այն գնահատելու է լիկվիդացիոն գնով, որը պարտադիր չէ, որ ներառի վերանորոգման ամբողջ արժեքը։
  6. Եթե տանտերը բնակարանը վաճառում է ինքնուրույն՝ առանց միջնորդի, ապա չպետք է ծուլանա ավելի հաճախ այցելել իր հայտարարության էջը, թարմացնել ամսաթիվն ու տեղեկությունը, որպեսզի հայտարարությունը ցուցադրվի առաջին էջում։ Ռիելթորական ծառայությունների դիմելու պարագայում դա կանի ռիելթորը: Հայտարարություն տեղադրելիս պետք է հնարավորինս մանրամասն տեղեկություններ տրամադրել, հատկապես, եթե տվյալ կայքը նման հնարավորություն ունի՝ օգտագործելով հարմար դաշտեր և ֆիլտրեր։ Սա կբարձրացնի արագ գործարքի հավանականությունը:
  7. Պետք չէ խուսափել լուսանկարներ հրապարակելուց, նույնիսկ եթե բնակարանը վերանորոգում /կահավորում չունի և ներկայանալի չէ: Առանց լուսանկարների հայտարարությունները հաճախ չեն արժանանում պատշաճ ուշադրության, ավելին՝ դրանք կարող են կասկածելի թվալ։ Գումարած, քիչ չեն այնպիսի գնորդները, ովքեր հենց չվերանորոգված/ հին վերանորոգումով բնակարաններ են փնտրում: Հայտարարություն տեղադրելու նպատակով բնակարանը տեսանկարահանելու և լուսանկարելու ժամանակ պետք է լինի մաքուր, կոկիկ, առանց ավելորդ իրերի։ Ի դեպ banali.am -ը, առաջինը անշարժ գույքի շուկայում, իրականացնում է VR room tour նկարահանում, որը բնակարանը ցուցադրելու բոլորովին նոր մշակույթ է:
  8. Բնակարանը գնորդին ցուցադրելու ժամանակ ևս պետք է կոկիկ տեսք ունենա։ Այս ամենը մանրուք է թվում, սակայն այդ մանրուքները կարող են բացասական տպավորություն թողնել գնորդի վրա։ Չէ՞ որ շատ դեպքերում մարդիկ առաջնորդվում են նաև սուբյեկտիվ զգացմունքներով։ Երբեմն գնորդից կարելի է լսել. «Ես մտա և հասկացա՝ սա իմ տունն է»: Կամ հակառակը. «Ինձ այս տունը միանգամից դուր չեկավ»: Վաճառողները պետք է հաշվի առնեն այս նրբությունները, և ամեն ինչ կազմակերպեն այնպես, որ բնակարանը հնարավորինս լավ լույսի ներքո ներկայացվի։ Բայց միաժամանակ բնակարանի իրական վիճակի մասին տեղեկությունները (օրինակ՝ ծորակների արտահոսք, կամ չփակվող դուռ) նույնպես չպետք է թաքցվեն գնորդից, միեւնույն է, ամեն ինչ հայտնի կդառնա ժամանակի ընթացքում։
  9. Պետք է նաեւ նկատի ունենալ, որ բնակարանից բացի գնորդը ուշադրություն է դարձնում շենքի, մուտքի եւ բակի ընդհանուր վիճակին։ Եթե մուտքն ու բակը այնքան էլ բարվոք վիճակում չեն, ապա հնարավոր է վաճառողը ստիպված լինի իջեցնել բնակարանի գինը։ Կամ օրինակ եթե վաճառվում է սեփական տուն, որի ճանապարհն անցնում է ուրիշների բակերով, ապա սա եւս բացասական ազդեցություն կունենա տան արժեքի վրա։ Եթե այն գազիֆիկացված չէ, սա նույնպես կիջեցնի գինը, թեև դա շտկվող խնդիր է: Բայց այ օրինակ, ցածր առաստաղն անուղղելի հարց է: Տան գնի կամ գնման որոշման կայացման վրա կարող է ազդել նաև սենյակ/ներում պատուհանների բացակայությունը, քանի որ արևի լույսը շատերի համար շատ կարևոր բաղադրիչ է: Այսպիսով, եթե սեփականատերը վերանորոգում է և սենյակ է առանձնացնում, որպեսզի վաճառի տունը, ապա պետք է ձգտի, որպեսզի հնարավորության դեպքում այդ նոր սենյակը պատուհան ունենա։

Այս պարզ, բայց կարևոր խորհուրդները կօգնեն վաճառողին ավելի հեշտ և արդյունավետ անցնել բնակարանի առուվաճառքի ճանապարհը:

Banali.am-ը անշարժ գույքի հարթակ է, որտեղ կարող եք գտնել վաճառքի և վարձակալության հազարավոր հայտարարություններ։ Այն հնարավորություն է ընձեռում ինքնուրույն՝ անվճար և առանց միջնորդի գտնել բնակարան տարբեր ֆիլտրերի միջոցով, իսկ VR room-tour-ի, տեսաշարերի և լուսանկարների միջոցով ամբողջական պատկերացում ստանալ նախընտրելի բնակարանի մասին։ Կարիքի դեպքում հարթակի աշխատակիցները կարող են մատուցել նաև մասնագիտացված ռիելթորական ծառայություններ՝ բնակարան գտնելու կամ բնակարանը արագ վաճառելու/վարձակալության հանձնելու հարցում: